Ոստիկանությունը պարզել է այն հանցագործի ինքնությունը, որը դեկտեմբերի 19-ին Ցյուրիխում իսլամական կենտրոնում հրաձգություն էր սկսել, որի հետեւանքով վիրավորվել էր երեք մարդ։ Հանցագործը Շվեյցարիայի 24-ամյա քաղաքացի է, Գանայից ներգաղթածների ընտանիքից։
Լքելով հանցագործության վայրը, նա ինքնասպան էր եղել։ Միաժամանակ տեղի ոստիկանության ներկայացուցիչները հայտնում են, որ առայժմ ոչ մի տվյալներ չկան այն մասին, որ հանցագործությունը կարող է ահաբեկչություն լինել։ «Մենք կարող ենք հաստատել, որ ոչ մի տվյալներ չկան այն մասին, որ կասկածյալը կապ ունի ԻՊ-ի հետ, կամ էլ որ նա արմատական իսլամի հետեւորդ է»,- ասել է քաղաքի քրեական ոստիկանության ղեկավար Քրիստիանա Լենտյես Մեյլին։
Նրա խոսքով հանցագործը ակնհայտորեն հետաքրքրվում էր օկուլտիզմով։ Համապատասխան առարկաներ են հայտնաբերվել նրա բնակարանում։ Բացի դրանից ոստիկանությունը նրան կասկածում է սպանության մեջ, որը կատարվել է դեկտեմբերի 18-ին, Ցյուրիխի մանկական խաղահրապարակում։ Այնտեղ հայտնաբերել էին հանցագործի ծանոթի դին՝ դանակի վիրավորումներով։ Ոստիկանությունը բացառում է այս հանցագործության կապը Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչության կամ Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանության հետ։





























