Նորքի տուն-ինտերնատի 308 սենյակում բնակվող 65-ամյա Նանուլ Կարախանյանը միակ բնակիչն է, որը կարողանում է համակարգչից եւ սոցիալական կայքերից օգտվել: Տիկին Նանուլը գումար է հավաքել եւ համակարգիչ ձեռ բերել՝ Վրաստանում բնակվող հարազատների հետ շփվելու համար: Սկզբնական շրջանում 65-ամյա կինը համակարգչի կախվածություն ուներ, սակայն, այժմ ստիպված է ավելի քիչ նստել իր «մտերիմ ընկերոջ» դիմաց, տեսողական խնդիրների պատճառով:
«Սկզբնական շրջանում մինչեւ 7 ժամ համակարգչի դիմաց էի լինում, բայց հիմա ստիպված քչացրել եմ, որովհետեւ տեսողությունս վատացել է: Հիմա մի 2 ժամ եմ զբաղվում»,-ասում է տիկին Նանուլը:
65-ամյա կինն այժմ ժամանակի մեծ մասը տրամարդրում է տուն-ինտերնատում իր հետ բնակվող 70-ամյա ամուսնուն՝ Խորեն Կարախանյանին. «Առաջ անընդհատ խոսում էր վրաս, ասում էր՝ գոնե մի 15 րոպե հանգստացի, նոր նստի համակարգչի դիմաց: Հիմա հիմնականում երկուսով ենք, գրքեր ենք կարդում, խոսում ենք, մեր ծանոթները մեզ հյուր են գալիս, մեր հարեւանները...»:
Ամուսինները երջանիկ են, որ տուն-ինտերնատում միասին են բնակվում. կարողանում են եւ ուրախության եւ տխրության պահերին միասին լինել...
45 տարվա ամուսինները մինչեւ ծերանոց տեղափոխվելը Երեւանում են բնակվել, զավակներ չունեն: Խորեն պապն աշխատել է որպես հյուսն, աշխատանքի ժամանակ վնասել աչքերը, կորցրել տեսողությունը։ Կարախանյանները վաճառել են իրենց միակ ունեցվածքը՝ տունը, աչքերի վիրահատության համար: Վիրահատությունից հետո վերականգնվել է Խորեն պապի միայն մեկ աչքի տեսողությունը՝ 40%-ով: Նա հաշմանդամության երկրորդ կարգ է ստացել ու տեղափոխվել ծերանոց: Կինը նրան միացել է միայն մի քանի տարի անց. տարիքն ու առողջական վիճակը անհամապատասխան են եղել ծերանոց ընդունվելու համար: Երեք տարի առաջ տիկին Նանուլը աշխատանքի է անցել ծերանոցում, դրանից մեկ տարի հետո թոշակի անցել ու դարձել տուն-ինտերնատի բնակիչ։






























