Բեռլինում բեռնատարի մխրճման հետեւանքով12 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո «Իսլամական պետություն» խմբավորման գերմանախոս անդամները կոչ են անում նոր՝ նմանատիպ ահաբեկչական գործողություններ կազմակերպել սուրբծննդյան տոնավաճառներում, հաղորդում է գերմանական Bild–ը։ Համապատասխան քարոզչություն վաղուց արդեն իրականացվում է Telegram սոցիալական ցանցի մասնավոր ալիքներից մեկով, տեղեկացնում է Ինոպրեսսա–ն։
Մասնավորապես, Բեռլինի ահաբեկչությունից ընդամենը ժամեր անց ԻՊ խմբավորման գերմանախոս ջիհադիստներից մեկը գրել է, թե «ահաբեկչության նման ձեւը գրեթե հնարավոր չէ կասեցնել, եւ անհրաժեշտ է դրա համար միայն մարդատար կամ բեռնատար մեքենա, հստակ մտադրություն եւ կաֆիրների (անհավատների) ամբոխ»։ Մինչդեռ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իր պաշտոնական քարոզչամիջոցներից ոչ մեկով Բեռլինի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնելու մասին չի հայտնել։ Համապատասխան հայտարարությունը, որ վերցվել էր իրաքյան մի աղբյուրից եւ հետագայում լայնորեն տարածվել, «առանձնակի արժանահավատ չէ», նշում է Bild–ը։
«Այո, Բեռլինում տեղի ունեցածը, մասնավորապես մարդկանց ամբոխի մեջ մեծ արագությամբ մխրճված բեռնատարի դեպքը, նման է այս տարվա հուլիսի 14 -ին Նիսի ահաբեկչությանը, երբ Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրը ահաբեկիչը սպանել էր 86 մարդ։ Մանավանդ, որ նոր ահաբեկչությունը խորհրդանշական է. իսլամիստ ահաբեկիչների տրամաբանությամբ սուրբծննդյան տոնավաճառը գրավիչ թիրախ է եւ տեղավորվում է ԻՊ ահաբեկչական խմբավորման քարոզած «խաչակիրների դեմ պայքարի» տրամաբանության մեջ։ Այդուհանդերձ, անհասկանալի է, թե ինչո՞ւ է ահաբեկիչը փախուստի դիմել դեպքի վայրից, քանի որ իսլամիստ աաբեկիչների նպատակը սեփական մահն է, որից հետո նրանք դառնում են նահատակներ։ Ավելին, Բեռլինի ահաբեկչության վկաներից ոչ մեկը չի լսել ահաբեկիչների կողմից սովորաբար օգտագործվող «Ալլահու Աքբար» վանկարկումը։





























