ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարդացել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու հայտարարությունը եւ հակաիշխանական ոչ մի ձեւակերպում չի տեսել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում NEWS.am-ի զրույցում ասել է  Աղվան Վարդանյանը:

«Ես Սեյրան Օհանյանի քաղաքականություն մուտք գործելու հայտարարությունը կարդացել եմ եւ այնտեղ հակաիշխանական ձեւակերպում չեմ տեսել»,-ասել է Աղվան Վարդանյանը:

Ինչ վերաբերում է Թե Սեյրան Օհանյանի, թե  Վարդան Օսկանյանի ընտրություններին մասնակցելու որոշմանը, դաշնակցական պատգամավորը դա վերագրեց սահմանադրական փոփոխություններին, որը, ըստ իրեն,  ՀՅԴ-ի շնորհիվ է: 

«Ինչո՞ւ է այս ակտիվությունը, որտեղից է գալիս: Ինչու մեկ տարի առաջ կամ նախորդ ընտրություններից առաջ այսքան քաղաքական ուժեր, միավորումներ ու դաշինքներ չէին ձեւավորվում: Մեր երկրում էական բան է փոխվել, ինչը խորությամբ չենք կարողանում ընկալել: Դա նոր Սահմանադրությունն է, խորհրդարանի՝ միակ իշխանություն ձեւավորող մարմին դառնալն է: Այդ նույն մարդիկ, որոնք այսօր քաղաքականություն են մտնում, պետք է խոստովանեն, որ ընտրություններով բան փոխելու հնարավորությունը տրվել է  առաջին հերթին Դաշնակցության կողմից: Այդ պայմանները ստեղծել է Դաշնակցությունը: Այսօր արդեն կա նախնական վստահություն այդ ընտրությունների հանդեպ:

Վարդան Օսկանյանը ժամանակին հայտարարում էր չէ՞ եթե տեսնենք որոշակի հնարավորություն ընտրություններով բան փոխելու, կմտնեմ, չէ՝ չեմ մտնի:  Կարեւոր չէ՝ ովքեր են, կարեւորը համակարգային փոփոխություն ենք արել, եւ մարդիկ տեսնում են, որ կարող են այն իրականացնել: Սա մի էական մասով դաշնակցության արածն է»,-ընդգծեց Վարդանյանը:

Աղվան Վարդանյանը շեշտեց, որ այս պահի դրությամբ 90 տոկոսով Դաշնակցությունը որոշել է ընտրություններին մասնակցել առանձին եւ որեւէ  ուժի հետ միավորվելու  բանակցության չի մասնակցել: