Ապրիլյան պատերազմում զոհված 37-ամյա Մասիս Թովմասյանի ընտանիքում ժամանակը կարծես կանգ է առել. նրա կինն ու երկու անչափահաս երեխաները դեռ 2016թ.-ում են ապրում, երբ Մասիսը ողջ էր, նրանց կողքին…
Ընտանիքը երբեք չի մոռնա 2016թ. ապրիլի 2-ը, երբ պատերազմի սկսվելու բոթը մտավ իրենց տուն եւ իր հետ տարավ աշխարհում իրենց համար ամենաթանկ ու հարազատ մեկին: Հենց այդ օրն էլ նրանց կյանքում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ եւ երբեմնի երջանիկ ընտանիք մտան ու հավերժ մնացին կարոտն ու թախիծը:

Տիկին Էլմիրան հիշում է այդ օրվա ամեն մի վայրկյանն ու ժամը.արթնացավ, երեխաներին դպրոց ուղարկեց, ամուսինը գնաց աշխատանքի: Սակայն, կես ժամ անց սովորական առօրյան միանգմից փոխվեց, երբ երեխաները եկան դպրոցից եւ հայտնեցին` պատերազմ է սկսվել: Սկզբում չհավատաց երեխաների ասածներին, սակայն, շուտով իրականությունը եկավ հաստատելու նրանց ասածները. ամուսինը զինվորական չէր, բայց նրան պետք է տանեին ճակատ:
«Մասիսը աշխատանքից հետո եկավ, հաց կերավ, հետո ժամը 7-ի սահմանում ասաց` զորահավաք է, կանչել են, պետք է գնա: Գնաց, իր հետեւից պավեստկան եկավ, ստորագրեցի եւ ժամը 9-ին արդեն տարան Եղնիկներ: Այդ օրն ահավոր ծանր ապրումներով լի էր,մինչեւ հիմա չեմ կարողանում մոռնալ ոչ մի վայրկյան…»:
Ամուսնու գնալուց հետո Էլմիրան անընդհատ հեռախոսով կապի մեջ է եղել նրա հետ, ամբողջ գիշեր խոսել է հետը, բայց լուսաբացին քնել է եւ արթնանալուց հետո ամուսնու հեռախոսն արդեն անհասանելի է եղել:
«Ասում են տարբեր զորամասեր են տարել, հետո տարել են այնտեղ, որտեղ քիչ զինվորներ են եղել, խրամատում էլ սնարյադ է ընկել ու վիրավորվել է: Վիրավորվելուց հետո 1 ժամ 20 րոպե ողջ է եղել, հետո զոհվել է»…

Էլմիրային եւ երեխաներին Մասիսից մնացած ամենաթանկ բաները տան բոլոր անկյուններում տեղադրված լուսանկարներն ու նրա հետ անցկացրած պահերի հիշողություններն են…հենց դրանց շնորհիվ էլ Թովմասյանները շարունակում են ապրել եւ իրենց ժպիտով փորձում խեղդել այն կսկիծը, որը շատ հաճախ գալիս է ծածկելու հերոս հոր եւ ամուսնու հանդեպ ունեցած հպարտությունը…
Մասիս Թովմասյանը զոհվել է 2016թ. ապրիլի 2- ին լույս 3-ի գիշերը` հակառակորդի հետ մարտնչելիս:





























