Անթալիայի իշխանությունները 2016-ը վերջին 12 տարվա ամենավատ տարին են համարում: Lenta-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի Տուրօպերատորների ասոցիացիան: 
Նահանգային իշխանությունների տվյալներով՝ անցած 12 ամիսներին տեղական հանգստավայրերում հանգստացել է մոտ 6 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը համապատասխանում է 2004 թվականի մակարդակին:
2016-ին Ռուսաստանի կողմից չարթերային թռիչքների արգելքի, նաեւ Անթալիայում անվտանգության խնդիրների պատճառով Անթալիան ունեցել է օտարերկրյա տուրհոսքի 46 տոկոսի կորուստ: Հիմնական անկումը բաժին է ընկնում ռուսական եւ գերմանական շուկաներին: Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի անկումը կազմել է 85 տոկոս (3,5 մլն-ից մինչեւ 500 հազար մարդ), Գերմանիայից՝ 35 տոկոս (3-ից մինչեւ 1,9 մլն մարդ): 47 տոկոսով նվազել է Սկանդինավիայից զբոսաշրջիկների հոսքը (մինուս 412 հազար հանգստացող), Մեծ Բրիտանիայից (մինուս 331 հազար), Նիդերլանդներից (մինուս 303 հազար), Բելգիայից (մինուս 141 հազար) եւ Լեհաստանից (մինուս 100 հազար մարդ):
Մեկնաբանելով օտարերկրյա  տուրհոսքի չափերը՝ Անթալիայի իշխանությունները ցուցանիշները «հրաշք եւ մեծ հաջողություն» են համարել՝ նկատի ունենալով ամառային սեզոնին տեղի ունեցած իրադարձությունները: