«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն կունենա: Այս մասին այսօր` դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նա նշեց, որ ՊՈԱԿ-ում ֆինանսական չարաշահումներ են եղել, որը փաստում է աուդիտը:
«Աուդիտն ավարտվել է, ներկա տնօրեն Վլադիմիր Պողոսյանն այժմ հիվանդանոցում է եւ բուժվում է, մենք իրավունք չունենք նրան ազատելու: Կան ֆինանսական չարաշահումներ, բայց աուդիտը փաստել է ամեն ինչի հավաստիությունը»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ բոլոր ՊՈԱԿ-ներում լինելու են աուդիտներ:





























