Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա փաստաբան Հայկ Ալումյանը:

Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով, նա կալանավորված է:

«Արմեն Սողոյանը մասնակի ցուցմունք է տվել»,- ասաց փաստաբանը` նշելով, որ այլ մանրամասներ հրաժարվում է ասել:

Նշենք, որ Արմեն Սողոյանը մինչեւ նախարարություն աշխատանքի անցնելը 2013-2014 թթ. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է եղել, իսկ 2014թ.-ից` «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի փոխտնօրենը, այդ նույն ժամանակահատվածում Սողոյանը հիմնադրել է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը եւ 2015թ. գիտական ղեկավարն է:

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը տարածել էր հաղորդագրություն, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձեւավորվել եւ տեւական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ եւ դրանք փոխանցել իրենց վերադասներին:

Մասնավորապես, բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան փորձաքննություններ, քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար ՀՀ դրամի չափով գումարներ: Այնուհետեւ, ապօրինի եւ համակարգային բնույթ կրող եղանակով գոյացած գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջեւ, իսկ մի մասն էլ՝ թողտվության համար պարբերաբար հանձնել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին:

Գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքագրված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2 մլն 547 հազար դրամ եւ 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված։

Պարզվել է, որ վերոնշյալ կոռուպցիոն շղթայում ներգրավված է եղել բժշկասոցիալական փորձաքննական մարզային առնվազն ինը, Երեւան քաղաքի երկու հանձնաժողովի նախագահ, ինչպես նաեւ վերափորձաքննության բաժնի պետը:

Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը):