Ադրբեջանում դատարան են փոխանցվել ԱԱՆ-ի նախկին պաշտոնյաներից եւս մի քանիսի նկատմամբ հարուցված քրեական գործերը։
haqqin.az-ի փոխանցմամբ՝ այդ պաշտոնյաներից են Ազգային անվտանգության նախարարության մոնիտորինգային կենտրոնի ղեկավար, գեներալ Թեյմուր Գուլիեւը, Վերազգային հանցավորության դեմ պայքարի հարցերով վարչության պետ, գեներալ Սուբախիր Գուրբանովը, նրա տեղակալ գնդապետ Ֆիզուլի Ալիեւը։
Տ ․Գուլիեւից տուժածներից մեկը միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող EGT Express ԲԲԸ-ի հիմնադիր Էլչին Ալիեւն էր։ Խաբեբաները գումար շորթելու նպատակով նրա գրասենյակ էին եկել 2014-ի հունիսին։
Տուժածի խոսքով, իրեն մեղադրել էին հայերի հետ կապերի համար։ «Դու կապ ունես Չեխիայւոմ ապրող Լիլիթ Գրիգորյանի հետ։ Քո գրասենյակից նրան զանգահարել են։ Հիմա մենք քեզ կտանենք ԱԱՆ»- ասել էր գործարարին ԱԱՆ վերազգային հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ գնդապետ Ֆուադ Սադրեդդինովը։ Էլչին Ալիեւը փորձել է առարկել, որ ոչ մի Լիլիթ Գրիգորյանի չի ճանաչում, բայց նրան ոչ ոք չի լսել։ «Ես հասկացա, որ հայուհու հետ իմ հորինված կապի պատրվակով Սադրեդինովն ուզում էր խոշոր կաշառք ստանալ։ Եվս մեկ անգամ կրկնեցի, որ ես ոչ մի հարաբերություն չունեմ հայերի հետ։ Սադրեդդինովը քմծիծաղ տվեց ու ասաց, որ եթե պետք լինի՝ ինձ կստիպեն խոստովանել, որ ունեմ հարաբերություն»,- պատմում է Ալիեւը։
Այնուհետեւ ԱԱՆ բաժնի պետը ասել է հարցի լուծմանը գինը՝ 100 հազար մանաթ, ու մի քանի ժամ տվել փողը հավաքելու համար։ Երբ գործարարը վստահեցրել է, որ այդքան գումար չունի, նրան զգուշացրել են, որ իրենք գաղտնալսում են նրա բոլոր խոսակցությունները ու գիտեն բոլոր եկամուտների մասին։
Ի վերջո ԱԱՆ գնդապետը շանտաժի միջոցով տուժածից շորթել է ընդհանուր ավելի քան 150 հազար դոլար։
Սադրեդինովը ինքը քննության ժամանակ հայտնել է, որ Էլչին Ալիեւի ընկերությունը չեխական EGT Express ձեռնարկության դուստր ընկերությունն է։ Չեխական գրասենյակի աշխատակցուհի Լիլիթ Գրիգորյանը մի քանի անգամ զանգահարել էր Բաքու, որից հետո ԱԱՆ-ում որոշել են նման «գործողություն» կազմակերպել։ Սադրեդինովի խոսքով այդ «գործողությունից» հետո իր ու Էլչին Ալիեւի միջեւ մտերիմ հարաբերություններ են սկսվել։ Նա նույնիսկ Էլչինից 30 հազար դոլար է պարտքով վերցրել որդու հարսանիքի համար ու չ ի կարողացրել վերադարձնել գումարը։ «Հենց այդ պարտքի պատճառով էլ Էլչինը որոշել է կեղծ ցուցմունք տալ իմ դեմ»,- ասել է կալանավորված գնդապետը։
Նշենք, որ չեխական EGT Express ընկերոթյունը իր կայքում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ համագործակցում է Բաքվում համանուն ընկերության հետ ու որ չեխական գրասենյակի աշխատակցուհիներից մեկի անունն իրոք Լիլիթ Գրիգորյան է։





























