Ամերիկացի սենատորների առաջարկած նոր հակառուսական պատժամիջոցները կարող են կորուստներ պատճառել գլոբալ տնտեսությանը, իսկ մասնավորապես՝ անդրադառնալ էներգետիկ շուկային, սակայն ռուսական էներգետիկ սեկտորը միջոցներ կգտնի հնարավոր վնասը փոխհատուցելու համար։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։
«Չէի ցանկացա տեսականորեն քննարկել, քանի դեռ խոսքը միայն օրենսդրական նախաձեռնության մասին է։ Անխոս, ուզում ենք հուսալ, որ առողջ բանականությունը կհաղթի, եւ ամեն դեպքում կհաջողվի դուրս գալ պատժամիջոցային հռետորաբանության թռիչքից»,– ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ նման որոշումները վնաս կհասցնեն ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլ նաեւ գլոբալ տնտեսությանը, գլոբալ էներգետիկ շուկային։ «Հնարավոր են նաեւ առանձին բացասական հետեւանքներ մեր երկրի համար։ Միաժամանակ ռուսական տնտեսությունը, ռուսական էներգետիկ սեկտորը վերջին 2 տարում ապացուցեց, որ բավականին վստահ է կանգնած իր ոտքերի վրա, որ դա շատ ճկուն եւ ուժեղ համակարգ է»,– ասել է նա։





























