Ինչպես նախկինում, Ռուսաստանը պատրաստ է իր երկրում կազմակերպել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը, երբ կողմերը պատրաստ լինեն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Տեղյակ եք, որ դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերին պատրաստ էինք Իսրայելի եւ Պաղեստինի առաջնորդներին ընդունել Մոսկվայում: Դրան պատրաստ ենք նաեւ հիմա, երբ միայն կողմերը ի վիճակի կլինեն հաստատել իրենց պատրաստակամությունը»,- ասել է Լավրովը Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի քարտուղար Սաիբ Օրեյկատի հետ հանդիպմանը:
Նեթանյահուն եւ Աբասը նախկինում հայտարարել են ռուսական նախաձեռնությանը աջակցելու մասին, որը կոչված է խաղաղ բանակցությունների վերականգնմանը: Սակայն հրապարակային ելույթներում գագաթնաժողովի համաձայնեցված չլինելու պատասխանատվությունը դրել են մեկը մյուսի վրա:




























