Բագրատաշենի սահմանակետում Վրաստանից 80 դրամով գնված  1 կգ արքայանարինջը (կոռոլյոկը) Հայաստանում մաքսազերծում են 130-150 դրամով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Բագրատաշենի սահմանային անցակետից օգտվող քաղաքացիները, ովքեր չցանկացան ներկայանալ: «Վրաստանից  կոռոլյոկը գնում ենք 80 դրամով, վրացական կողմում մաքսազերծման մասին ընդհանրապես խոսք չի լինում, սակայն Հայաստանումը կիլոգրամը 130-150 դրամով են մաքսազերծում»,-ասացին նրանք` հավելելով, որ դեպքեր են լինում, որ ներկայացվում են հաշիվ ապրանքագրեր, սակայն դա հիմք չի համարվում:

NEWS.am-ի թղթակիցն այս հարցով դիմեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիչ Խաչատրյանին, ով նշեց, որ մաքսազերծման գների հետ կապված միշտ խնդիրներ են առաջանում քաղաքացիների համար, սակայն գոյություն ունեն շուկայական գներ, ըստ որոնց մաքսազերծվում են տարբեր ապրանքներ:

«Ներմուծողը միշտ դժգոհ է լինում մաքսայինից, քանի որ, նրան թվում է, թե մաքսազերծումը կատարվում է ավելի թանկ կամ անհիմն գներով: Սակայն մենք էլ հիմք ունենք չհավատալու ներմուծողներին եւ  որպես օրինակ նշեմ, որ երեկ մի դեպք է եղել Իրանից խնձոր ներկրող քաղաքացին ասել է, որ 1 կգ-ի համար 30 ցենտ է վճարել: Բնականաբար մենք չեն կարող հավատալ դրան: Իսկ կորոլյոկների կապակցությամբ չեմ կարող ասել ոչինչ, միայն պետք է նշեմ, որ կորոլյոկ ներմուծող մարդը պետք է հաշիվ-ապրանքագիր ներկայացնի մաքսային մարմնին, իսկ եթե մաքսայինը չի հավատում ներկայացված փասռաթղթին, ապա այդ դեպքում մաքայինը պետք է ապացուցի, թե ինչու չի հավատում»,-ասել է նա:

Գ. Խաչատրյանը չնշեց, թե այդ ինչպես պետք է մաքսային ծառայության աշխատակիցն ապացուցի, որ չի հավատում ներկրողին: Այսինքն, ըստ պետեկամուտների կոմիտեի ղեկավարի, անգամ հաշիվ-ապրանքագիրը ոչ մի կոպեկի արժեք չունի եւ մաքսավորը կարող է ուղղակի չհավատալ փաստաթղթերին: