Հայաստանի կառավարությունն այսօր` նոյեմբերի 4-ին հավանություն տվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որով մեծացվում են Հանձնաժողովի լիազորությունները: Այն կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։ Փոփոխությունները վերաբերում են միանգամից 5 օրենքների, դրանք կոչված են ուժեղացնելու Հանձնաժողովի իրավասությունները, ինչպես նաեւ հարթելու օրենսդրական հակասությունները։ Օրենսդրական փոփոխությունները մշակվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ։
Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը կառավարության նիստի ընթացքում թվարկեց օրենսդրական փոփոխությունների հիմնական ուղղությունները։ Այն է.
- Պատիժների խստացում,
- Հանձնաժողովի վերահսկողական կարողությունների ուժեղացում,
- Օրենսդրական անհարթությունների վերացում, քանի որ դրանք հաճախ պատճառ են դառնում Հանձնաժողովի որոշումները բողոքարկելու համար,
- Ապացուցողական մեխանիզմների ընդլայնում՝ լրացուցիչ փաստեր եւ մեխանիզմներ ձեռք բերելու հնարավորության ստեղծում,
- Օրենսդրական բացերի վերացում, որից հատկապես կարողանում են օգտվել խոշոր տնտեսվարողները,
- Տեղեկատվական աղբյուրների ընդլայնում եւ այլն:




























