ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Սելի Յեյթսը հայտարարել է, որ նախարարության իրավաբանները Թրամփի միգրացիոն օրենքը չեն պաշտպանի քանի դեռ ինքը պաշտոնավարում է: Դրանից անմիջապես հետո՝ մի քանի ժամ անց նախագահը նրան աշխատանքից ազատել է: Այս մասին հայտնում է «Գերմանական ալիքը»:

Թրամփը հայտարարել է, որ նա «արդարադատության նախարարությանը դավաճանել է»:

Յեյթսն իր գործողությունները հիմնավորելիս նշել է, որ համոզված չէ հրամանագրի օրինականությանը: Նրա խոսքով, որը ամերիկյան լրատվամիջոցները մեջբերել են հունվարի 31-ին, ինքը համոզված չէ, որ սկանդալային փաստաթուղթը պաշտպանելը «համապատասխանում է մշտապես արդարություն որոնելու գերատեսչության պարտավորությանը»: Սպիտակ տունը խուսափել է նրա հայտարարությունների մեկնաբանություններից՝ դրանք «հռետորական» անվանելով: Վաշինգթոնում հայտարարել են, որ Թրամփը գործել է իր իրավասությունների սահմաններում:

Սելի Յեյթսին գլխավոր դատախազի պաշտոնում նշանակել է նախկին նախագահ Բարաք Օբաման, եւ նրան շուտով փոխարինելու է հանրապետական Ջեֆ Սեշնսը, որի նշանակումը պետք է հաստատի Սենատը: Գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես կկկատարի Դանա Բոենթեն: