Քաղաքացիական իրավունքների պաշտպանության ամերիկյան միությունը (ACLU) միայն հանգստյան օրերին 6 անգամ ավելի շատ նվիրատվություններ է ստացել, քան սովորաբար ստանում է տարվա ընթացքում: Գումարը կտրուկ մեծացել է Թրամփի միգրացիոն հրամանագրերից հետո, փոխանցում է «Գերմանական ալիքը»:

ACLU ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունը միայն անցած հանգստյան օրերին մոտ 24 մլն դոլարի նվիրատվություն է ստացել, հունվարի 31-ին CNN-ի եթերում ասել է ACLU-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ նվիրատվությունները կտրուկ աճել են, երբ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է իր միգրացիոն հրամանագրերը, որոնցով ժամանակավորապես արգելվում է ԱՄՆ սիրիացի փախստականների եւ գերազանցապես մուսուլմանական բնակչությամբ 7 երկրների քաղաքացիների մուտքը:

ACLU-ն ստեղծվել է գրեթե 100 տարի առաջ, որի կազմում այսօր մոտ 750 հազար մարդ կա: Կազմակերպության հիմնական խնդիրներն են խոսքի ազատության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության, սեռական փոքրամասնությունների իրավունքների եւ աբորտի իրավունքի պաշտպանությունը: Կազմակերպությունը հանդես է գալիս ընդդեմ մահապատժի եւ ոստիկանական բռնության:

Միեւնույն ժամանակ Google ընկերությունը հաստատել է հատուկ հիմնադրամ ստեղծելու մասին լուրերը, որի միջոցները կուղղվեն 4 իրավապաշտպան կազմակերպությունների՝ ACLU-ին, Միգրանտներին իրավական օգնություն տրամադրող կենտրոնին (ILRC), Փրկության միջազգային կոմիտեին եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի վարչությանը: Ընկերությունից հայտնել են, որ հիմնադրամին 2 մլն դոլար կփոխանցեն: Ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ անհանգստացած են, թե Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրերը ինչպիսի ազդեցություն կունենան Google-ի աշխատակիցների եւ նրանց ընտանիքների անդամների վրա: