Երեւան-Գյումրի ավտոճանապարհին 2014թ. մարտի 11-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով տուժողի փաստաբան եւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբիկ Մովսիսյանը չի շտապում մեկնաբանել ամբաստանյալի պաշտպանի այն հայտարարությունը, թե վթարը եղել է վազանցող մեքենայի պատճառով, իսկ տուժողի ցուցմունքն արժանահավատ չէ:
«Նախաքննության ընթացքում փաստը հիմնավորվել է, եւ գործն ուղարկվել է դատարան, հիմա արդեն դատարանը որոշում կկայացնի` ցուցմունքն արժանահավատ է, թե ոչ: Ինչպե՞ս եղավ, որ իր պաշտպանյալը ութ ցուցմունք է տալիս, ութն էլ տարբեր, իսկ տուժողը ցուցմունք է տալիս, ասում է` արժանահավատ չէ: Երկու մարդ է մահացել այս վթարի պատճառով, 27-ամյա կինը կորցրել է մորն ու ամուսնուն, մնացել երկու մանկահասակ երեխաների հետ մենակ, գոնե մի քիչ խիղճ ունենան: Բացի դրանից, երրորդ ուղեւորը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ եւ հիմա ասում են` արժանահավատ չի: Ինչ վերաբերում է վազանցող մեքենայի մասին հայտարարությանը, այա թող այդ մեքենային հարվածեր, ինչո՞ւ է տուժողներիս մեքենային հարվածել, կամ թող աջ թեքվեր ու դաշտ մտներ: Նորից եմ ասում` սա դատարանում քննվող գործ է եւ դատարանը պետք է որոշում կայացնի` վարորդի մեղավորություն կա, թե ոչ: Մի բան պարզ է` ճանապարհը չոր է եղել, իսկ Արամայիս Քանանյանը մեքենան վարել է 40-50 կմ/ժ արագությամբ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբիկ Մովսիսյանը:
Նշենք, որ ամբաստանյալ Գուրգեն Համբարձումյանի պաշտպան Աստղիկ Պապիկյանը մեզ հետ զրուցյում ավելի վաղ հայտնել էր, որ իր պաշտպանյալը դիտավորություն չի ունեցել, պարզապես խոչընդոտող հանգամանք է եղել` վազանցող մեքենա. «Իմ պաշտպանյալը փորձել է այդ երկու մեքենաների արանքով անցնել, սակայն չի կարողացել խուսափել այդ ողբերգությունից: Մինչդեռ տուժող Ռուզաննա Ղազարյանը ցուցմունք է տվել, որ վազանցող մեքենա չի եղել, բայց դա այդպես չես. իմ պաշտպանյալը թերզարգացած չէ, հոգեկան շեղումներ չունի, որ գնար ու դիտավորյալ խփեր»:
Ռուբիկ Մովսիսյանը, սակայն, հակադարձեց. Երեք անգամ փորձաքննություն է նշանակվել, երեք անգամ էլ հիմնավորվել է, որ Գուրգեն Համբարձումյանը խախտում է կատարել, իսկ վազանցող մեքենան ոչ էլ դիտվել է որպես ապացույց, քանի որ ակնհայտ է եղել, որ Համբարձումյանը երթեւեկության կանոնները խախտել է. «Համբարձումյանին համապատասխան հոդվածով մեղադրանք է առաջադրվել նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործն ուղարկվել դատարան, մնացածն արդեն դատարանը կպարզի»:
Հիշեցնենք, որ ողբերգական վթարի օրը Գուրգեն Համբարձումյանն իր վարած «Ֆոլկսվագեն Ջետտա» մակնիշի մեքենայով դուրս է եկել իր երթեւեկելի գոտուց, մտել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ թեքությամբ հարվածել իր երթեւեկելի գոտով դեպի Երեւան ընթացող Արամայիս Քանանյանի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով վարորդ Արամայիս Քանանյանը եւ զոքանչը` Սիլվա Գեւորգյանը մահացել էին, իսկ մյուս ուղեւորուհին` Ռուզաննա Ղազարյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Տուժողն ու տուժողների իրավահաջորդները նաեւ քաղաքացիական հայց են ներկայացրել: Նրանք պահանջում են շուրջ 6 մլն դրամի փոխհատուցում, այդ թվում նաեւ փաստաբանական ծառայությունների համար շուրջ 390 հազար դրամ:
«Այդ մարդիկ արդեն 3 տարի է` Շիրակի մարզից նախ Աշտարակ, Թալին էին գնում- գալիս, իսկ հիմա էլ Ապարան` դատավարությանը մասնակցելու: Մեկը մորն ու ամուսնուն է կորցրել, մյուսը` կնոջն ու փեսային, երրորդը` ծանր վնասվածքներ է ստացել ու այսքանից հետո անընդհատ գալիս- գնում են այդքան ճանապարհ: Իսկ ամբաստանյալն այս ամբողջ ընթացքում ցավակցական մի խոսք նույնիսկ չի ասել, գոնե գնային ու իրենց ցավակցությունը հայտնեին»,- ասաց Ռուբիկ Մովսիսյանը:
Նշենք, որ Գուրգեն Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, նա գրավի դիմաց ազատ է արձակվել: Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել դեպքից շուրջ մեկ տարի անց, քանի որ փորձաքննությունների եզրակացությունները ձգձգվում էին, իսկ նա էլ անընդհատ փոխում էր ցուցմունքը:
Գործով դատաքննությունը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է, քանի որ դատավորը փոխվել է: Այժմ ապացույցների հետազոտման փուլն է:



























