Երեւան-Գյումրի ավտոճանապարհին 2014թ. մարտի 11-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով մեղադրյալ Գուրգեն Համբարձումյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա պաշտպան Աստղիկ Պապիկյանը նշեց, որ առանց ապացույցների գործն ուղարկվել է դատարան:
«Ամբողջ մեղադրական եզրակացությունը, փորձագետի եզրակացությունը հիմնված է տուժող Ռուզաննա Ղազարյանի ցուցմունքի հիման վրա: Նախաքննությունը կատարվել է բազմաթիվ թերացումներով, անհասկանալի պատճառներով քննիչներն ամեն ինչ արել են, որ Գուրգեն Համբարձումյանին մեղադրանք առաջադրեն եւ գործն ուղարկեն դատարան»,- ասաց նա:
Նշենք, որ ողբերգական վթարի օրը Գուրգեն Համբարձումյանն իր վարած «Ֆոլկսվագեն Ջետտա» մակնիշի մեքենայով դուրս է եկել իր երթեւեկելի գոտուց, մտել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ թեքությամբ հարվածել իր երթեւեկելի գոտով դեպի Երեւան ընթացող Արամայիս Քանանյանի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով վարորդ Արամայիս Քանանյանը եւ զոքանչը` Սիլվա Գեւորգյանը մահացել էին, իսկ մյուս ուղեւորուհին` Ռուզաննա Ղազարյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Աստղիկ Պապիկյանի խոսքով` իր պաշտպանյալը դիտավորություն չի ունեցել, պարզապես խոչընդոտող հանգամանք է եղել` վազանցող մեքենա. «Իմ պաշտպանյալը փորձել է այդ երկու մեքենաների արանքով անցնել, սակայն չի կարողացել խուսափել այդ ողբերգությունից: Մինչդեռ տուժող Ռուզաննա Ղազարյանը ցուցմունք է տվել, որ վազանցող մեքենա չի եղել, բայց դա այդպես չես. իմ պաշտպանյալը թերզարգացած չէ, հոգեկան շեղումներ չունի, որ գնար ու դիտավորյալ խփեր»:
Գուրգեն Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, նա գրավի դիմաց ազատ է արձակվել: Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել դեպքից շուրջ մեկ տարի անց, քանի որ փորձաքննությունների եզրակացությունները ձգձգվում էին, իսկ վարորդն էլ անընդհատ փոխում էր ցուցմունքը:
Գործով դատաքննությունը վերսկսվել է, քանի որ դատավորը փոխվել է: Աստղիկ Պապիկյանը նշեց, որ դեռեւս մեկ նիստ է տեղի ունեցել: Տուժողն ու տուժողների իրավահաջորդները նաեւ քաղաքացիական հայց են ներկայացրել:




























