Նախընտրական պայքարի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Վալիդ Ֆարեսը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող հրամանագիրը մուսուլմանների նկատմամբ խտրականություն չէ, դրա նպատակն է երկիրը պաշտպանել ահաբեկիչներից, որոնք փախստական են ձեւանում։

«ԱԿնհայտ է, որ Թրամփի վարչակազմի ընդունած միջոցառումները ուղղված չեն որոշակի կրոնի կամ ռասսայի կամ էթնիկ խմբի դեմ, դրանք մուսուլմանների կամ մուսուլմանական երկրների դեմ չեն։ Թրամփն այս որոշումը կայացրել է հանուն ահաբեկչության դեմ պայքարի։ Ռազմավարությունը հետեւյալն է ՝ վերջ տալ ահաբեկիչներին միգրանտների հետ շփոթելուն։ Դրանից արդեն տուժել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու այլ երկրներ»,- հայտնել է Ֆարեսը։

Նա շեշտել է, որ արագ ընդունված միջոցառումների արդյունքում հնարավոր են բյուրոկրատական թերություններ, այդ թվում քաղաքացիների անբավարար իրազեկումը։ «Սկզբում այդքան էլ հասկանալի չէր, այդ արգելքը տարածվելու է գրին քարտ ունեցողների վրա, թե ոչ։ Պարզվեց, որ չի տարածվելու»,- հայտնել է Ֆարեսը։

Ընդ որում Թրամփի հրամանագրի տեքստում արգելված է յոթ երկրների բոլոր քաղաքացիների մուտքը, սակայն երկքաղաքացիություն կամ գրին քարտ ունեցողների համար բացառությունների մասին հիշատակված չէ։

Հունվարի 27-ին Թրամփը ստորագրել է հրաման «Երկիրը օտարերկրյա ահաբեկիչների մուտքից պաշտպանելու մասին», որը 90 օրով արգելում է ԱՄՆ մտնել յոթ երկրների՝ Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի,Սիրիայի, Սոմալիի ու Սուդանի քաղաքացիներին, նաեւ 120 օրով դադարեցնում է բոլոր փախստականների ընդունելությունը ու անորոշ ժամկետով արգելում Սիրիայից փախստականների ընդունելությունը։ Այս հրամանագիրն առաջացրել է փողոցային բողոքի ակցիաներ ու իրավաբանական վեճեր։