Լյուքսեմբուրգում Եվրոպական դատարանը որոշել է, որ ԵՄ երկրները կարող են մերժել ապաստան խնդրողներին, որոնց մասնակցությունը ահաբեկչական խմբավորումներին ապացուցված է, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։
Այս խորհրդատվական որոշումը ԵՄ գերագույն դատական մարմինը կայացրել է մարոկացի Մուստաֆա Լոունանիի գործի կապակցությամբ, որը Բելգիայից ապաստան էր խնդրել։ Դատարանի որոշումով, չնայած Լոունանին անձամբ ահաբեկչական հարձակումներ չի իրականացրել, ապացուցված է , որ նա ներառված է եղել «Ալ Կաիդայի» հետ կապակցված «Մարոկանյան իսլամական մարտախումբ» խմբավորման գործունեության մեջ։ Նա օգնել էր խմբավորմանը կեղծ անձնագրեր ստանալ ու զինյալներ հավաքագրել Իրաք ուղարկելու համար։
Մուստաֆա Լոունանին, ապաստան խնդրելու դիմումում պարզաբանել էր, որ չի ուզում վերադառնալ հայրենիք, քանի որ վախենում է հետապնդումից։ Նրա խոսքով Մարոկոյում նրան ջիհադական ու արմատական իսլամական կհամարեն։
Բելգիայի դատարանը ավելի վաղ Լոունանիին վեց տարվա ազատազրկման էր դատապարտել Բելգիայում «Մարոկանյան իսլամական մարտախումբ» խմբավորման բջջի գործունեությանը մասնակցություն ունենալու համար։




























