Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Տեղեկատվական անվտանգության բաժնի վարիչ Սերգեյ Միխայլովը եւ նրա տեղակալ Դմիտրի Դոկուչաեւը մեղադրվում են ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչության հետ համագործակցելու համար։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»–ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրը։
Գործակալության աղբյուրը չի հստակեցրել, արդյո՞ք ԱԴԾ–ի սպաները գործել են ինքնուրույն, թե՝ միջնորդավորված։ «Գործով ձերբակալված է 4 մարդ, թեեւ գործով անցնում է 8 սպա։ Նրանցից 4–ին մեղադրանք է առաջադրվել, իսկ մնացածին, հնարավոր է, հաջողվի մնալ վկայի կարգավիճակում», – նշել է գործակալության աղբյուրը։
«Ինտերֆաքս»–ի տեղեկություններով, որոնք պաշտոնական հաստատում չեն ստացել, Միխայլովը եւ Դոկուչաեւը «Շալտայ–Բոլտայ», կամ ինչպես իրենք են իրենց կոչում՝ «Անանուն ինտերնացիոնալ» հաքերային խմբավորման գործով մեղադրյալներ են։ Խումբը գործում էր 2013 թվականից եւ մասնագիտանում էր ռուսաստանցի պաշտոնյաների էլեկտրոնային փոստերը, անձնական տվյալներն ու նամակագրությունը կոտրելու եւ վաճառելու մեջ։
Գործով ձերբակալվել են նաեւ լրագրող Վլադիմիր Անիկեեւը եւ «Կասպերսկու լաբորատորիայի» համակարգչային միջադեպերի հետաքննության բաժնի նախկին պետ Ռուսլան Ստոյանովը։
Հաքերային խմբի կազմակերպիչ է համարվում Անիկեեւը, որին ձերբակալել էին անցած տարվա նոյեմբերին։ Մինչդեռ այս գործով փաստաբան Իվան Պավլովը Rambler News Service–ի հետ զրույցում յակտնել է, որ պետական դավաճանության մասին գործը, որի շրջանակներում ձերբակալվել են Ռուսաստանի ԱԴԾ–ի եւ սպաներն«Կասպերսկու լաբորատորիայի» աշխատակիցները, «Անանուն ինտերնացիոնալ»–ի հետ որեւէ առնչություն չունի։




























