Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը Գագիկ Ծառուկյանի հետ տեւական բանակցությունների արդյունքում ցանկալի արդյունքի չի հասել եւ  որոշել է ընտրություններին մասնակցել նախկինի պես` ՀԱԿ-ի հետ: 

ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ակտիվ քննարկումների մեջ են Հայ ազգային կոնգրեսի հետ եւ ամենայն հավանականությամբ  ընտրություններին կմասնակցեն ՀԱԿ-ի հետ դաշինք կազմելով:

«Ինտենսիվ բանակցությունների մեջ ենք ՀԱԿ-ի հետ, ամենայն հավանականությամբ, ՀԱԿ-ի հետ կլինենք, բայց որոշում դեռ չի կայացել»,-ասել է Գրիգոր Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Ստեփան Դեմիրճյանը բանակցություններ էր վարում Գագիկ Ծառուկյանի դաշինքին միանալու ուղղությամբ, սակայն առաջատար հորիզոնականում հայտնվելու շուրջ համաձայնության չգալով` հրաժարվել է միանալ Ծառուկյանին: