Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` փետրվարի 1-ին, մեկնարկել է «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատավարությունը:
Դատական նիստին չէր ներկայացել տուժող, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա որեւէ պատճառաբանություն չէր ներկայացրել դատարանին:
Դատարանը որոշեց, այնուամենայնիվ, շարունակել նիստը: Անի Հովհաննիսյանը դատարանում հայտարարեց, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում ՎՏԲ բանկի միջնորդությամբ, ապա նշեց` իր միակ ցանկությունն է, որ իր նկատմամբ հետապնդումը դադարեցվի:
Դատական նիստը շարունակվում է:
Ըստ մեղադրական եզրակացության` Անի Հովհաննիսյանը շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից մարտի 15-ին պահանջել է 1 մլն դրամ: Բացի դրանից, նա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ: Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, որն էլ նշել է, թե համապատասխան վերաբերմունք է անհրաժեշտ նմանատիպ հոդվածների հրապարակումները դադարեցնելու համար: Օրեր անց Անի Հովհաննիսյանը պատգամավորից պահանջել է 300 հազար դրամ, որն օրեր անց նրա աշխատակից Վարդիթեր Գիշյանը ստացել է:
Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով: Նա կալանավորված է:





























