Արցախում հունվարի 16-ին կրտսեր սերժանտի կողմից վիրավորված ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի վիճակը՝ հունվարի 28-ի վիրահատությունից հետո շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա նշեց, որ Գուրգեն Սարգսյանի առողջական վիճակում որեւէ փոփոխություն չկա:
Հունվարի 28-ին Գուրգենի մոտ սկսվել էր գլխուղեղի արյունազեղում, նրան վիրահատել էին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գուրգեն Սարգսյանը Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Ըստ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, նախնական տվյալներով, ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2017թ. հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով:
Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու, մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:




























