Հովիկ Աբրահամյանն իր համար այլ քաղաքական ճակատագիր է պատկերացնում, քան Հանրապետական կուսակցությունն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով նրա՝ ՀՀԿ կուսակցություն լքելուն:
«Գուցե իր մոտ ցանկություն է առաջացել իր ճակատագիրը կերտել առանց Հանրապետական կուսակցության: ՀՀԿ-ի ներսում կա բացառապես թիմային շահերի, մոտեցումների քաղաքականության համադրման բանաձեւ, մենք երբեք չենք սպասարկել որեւէ կոնկրետ անձի քաղաքական շահերը: Հանրապետականի քաղաքական վեկտորը չի կառուցվում առանձին վերցրած մարդկանց՝ սեփական անձի ունեցած պատկերացումների կամ ապագայի պատկերացումների վրա»,-ասել է նա:
Արմեն Աշոտյանը նաեւ նշել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արարատի մարզում Հանրապետականը բավականաչափ ձայներ կհավաքի եւ կուսակցությունն այս առումով չի տուժել՝ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից դուրս գալու պատճառով. «Մեր կադրային բանկերը բավականին հարուստ են, որպեսզի բոլոր մարզերում, այդ թվում նաեւ Արարտի մարզում խորհրդարանական ընտրություններին կարողանանք ապահովել մաքսիմալ օրինակելի արդյունք»:




























