Դաշինքների քաղաքական վերադասավորումները ավելի լուրջ անակնկալների, զարմանալու առիթներ են տալիս, քան իմ՝ այսօրվա եւ 2 տարի առաջ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ տված մեկնաբանությունների տարբերությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ իր արած հայտարարությանը:
«Արդյոք չեք զարմանում, երբ Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնվել է Վարդան Օսկանյանի հետ մի դաշինքում, որտեղ Պարույր Հայրիկյանն ու Արամ Սարգսյանն են: Դաշինքների քաղաքական վերադասավորումները ավելի լուրջ անակնկալների, զարմանալու առիթներ են տալիս, քան իմ՝ այսօրվա եւ 2 տարի առաջ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ տված մեկնաբանությունների տարբերությունը»,-ասել է նա:
Արմեն Աշոտյանը նշել է, որ այն ժամանակ եւ այսօր՝ Գագիկ Ծառուկյան անձի վերաբերյալ արված մեկնաբանությունները պետք է նաեւ ժամանակի մեջ դիտարկել:
«Ժամանակին ասվածը բացառապես պետք է դիտարկել տվյալ ժամանակահատվածի մեջ, որովհետեւ քաղաքական զարգացումները այն ժամանակ եւ այսօր սկզբունքորեն տարբեր են: Այն ժամանակ մենք ընտրական գործընթաց չունեինք, չկար նախընտրական վիճակ, այսժմ ընդունվել է նոր Սահմանադրությունը, որի հիմնական նպատակներից մեկն է նաեւ նվազեցնել անհատների եւ ուժեղացնել ինստիտուտների դերը: Եթե Գագիկ Ծառուկյանը կդառնա այն մարդը, որը կկարողանա ինստիտուցիոնալացնել որոշակի քաղաքական կապիտալ եւ ստեղծել քաղաքական ինստիտուտների կայացման համար նպաստավոր պայման, այդ ժամանակ, բնականաբար, պետք է ասել, որ Սահմանադրությունն աշխատեց ոչ միայն նոր մակարադակով, այլեւ տվյալ մարդկանց համար»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ երկու 2015 թվականի փետրվարին Արմեն Աշոտյանը Գագիկ Ծառուկյանի մասին նշել էր հետեւյալը. «Իր նմաններն են այսօր խանգարում իմ երեխաներին դպրոցներում սովորելու, որովհետեւ այդ երեխաները տեսնում են, որ տգետը կարող է հասնել հաջողության: Ասում են.«Խի սովորեմ, որ, հենա` «Դոդի Գագոյի» օրինակն ունեմ»: Մարդը «Ա»-ն «Բ»-ից չի տարբերում: Ո՞վ չգիտի Հայաստանի քաղաքական դաշտում, անգամ Գագիկ Ծառուկյանի թիմակիցները, որ Ծառուկյանը չունի մտավոր համապատասխան պոտենցիալ: Ո՞վ չգիտի, որ Ծառուկյանը չի կարող ընթերցել անգամ այն տեքստերը, որը իր համար պատրատում են, ո՞վ չգիտի, որ Գագիկ Ծառուկյանի հետ հնարավոր չէ քաղաքական բանավեճի կամ քաղաքական երկխոսության բռնվել»:
Մինչդեռ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո Արմեն Աշոտյանը հայտարարություն էր տարածել եւ ողջունել նրա վերադարձը քաղաքականություն. «Ես դրական եմ վերաբերում քաղաքական ուժերի ու գործիչների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մտադրություններին մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին»։




























