«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այսօր` փետրվարի 1-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը:
Ըստ Սիմոնյանի` Անի Հովհաննիսյանն անօրինական է մնում կալանքի տակ, քանի որ նրա կալանքի ժամկետը լրացել է դեռեւս հունվարի 28-ից, որից հետո այն չի երկարացվել:
«Ես միջնորդում եմ նաեւ, որ եթե այնուամենայնիվ, իմ այս միջնորդությունը մերժվի, գրավի դիմաց իմ պաշտպանյալն ազատ արձակվի»,- ասաց փաստաբանը:
Դատարանը, սակայն, մերժեց երկու միջնորդություններն էլ:
Նշենք, որ դատական առաջին նիստն այսքանով ավարտվեց, հաջորդը նշանակվեց փետրվարի 16-ին:
Ըստ մեղադրական եզրակացության` Անի Հովհաննիսյանը շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից մարտի 15-ին պահանջել է 1 մլն դրամ: Բացի դրանից, նա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ: Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, որն էլ նշել է, թե համապատասխան վերաբերմունք է անհրաժեշտ նմանատիպ հոդվածների հրապարակումները դադարեցնելու համար: Օրեր անց Անի Հովհաննիսյանը պատգամավորից պահանջել է 300 հազար դրամ, որն օրեր անց նրա աշխատակից Վարդիթեր Գիշյանը ստացել է:
Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով: Նա կալանավորված է:




























