Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոլադ Թրամփը շարունակել է «հաճոյախոսությունները» Քալիֆորնիայի նախկին նահանգապետ, հոլիվուդյան աստղ Առնոլդ Շվարցենեգերի հետ։ Թվիթերյան իր էջում Թրամփը գրել է, որ նահանգապետի պաշտոնում Առնին վատ է աշխատել։ «Այո, Առնոլդ Շվարցենեգերն, իրոք, վատ է աշխատել նահանգապետի պաշտոնում, նույնիսկ ավելի վատ, քան Apprentice հեռուստաշոուում։ Բայց նա առնվազն փորձեր է կատարել աշխատել», –նշել է Թրամփը։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ ավանդական Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ, Թրամփը եւ Շվարցենեգերը կատակներ են փոխանակել միմյանց հասցեին։ Միացյալ Նահանգներում մեծ համբավ վայելող The Celebrity Apprentice հեռուստաշոուում իրեն փոխարինած  Շվարցենեգերին ուղղված հեգնական ճառում Թրամփը ասել էր.  «Նրանք կինոաստղ են վարձել ինձ փոխարինելու համար, եւ ինչպիսի՞ն է արդյունքը։  Վարկանիշը կտրուկ նվազել է՝ դա իսկական աղետ էր։ Ուրեմն, եկե՛ք աղոթենք Առնոլդի հաջողության համար», – ըստ լրատվամիջոցների, նշել էր Թրամփը, ով շարունակում է մնալ հեռուստաշուուի պրոդյուսերը։