Ղազախստանում 2 դեպք է բացահայտվել, երբ աշակերտներին ներգրավել են համացանցում տարածվող «Կապույտ կետը» վտանգավոր խաղի մեջ, որի եզրափակիչ փուլը խաղացողի ինքնասպանությունն է: Այս մասին «Sputnik Ղազախստան»-ին հայտնել են Արեւելաղազախստանյան մարզի դատախազության մամուլի ծառայությունից:

Դատախազությունից հայտնել են, որ «Կապույտ կետը» կամ «Կետերի տունը» խաղը համացանցի ռուսաստանյան հատվածում է հայտնվել դեռեւս անցյալ տարի եւ մեծ հանրաճանաչություն է ձեռք բերել ինքնասպանությունների համախոհների խմբերում, որոնց մեծ մասը Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքներում արգելված են:

«Հատուկ մոնիթերինգի ընթացքում «Վկոնտակտե» ցանցում նյութեր են հայտնաբերվել, որոնք կարող են ինքնասպանություն քարոզել»,- հայտնել են դատախազությունից: 16-ամյա աշակերտուհին եւ քոլեջի 17-ամյա սանը մեկնաբանություններ են կատարել, որով աջակցել են խաղին: 

Խաղը հսկող մարմնի աշխատակիցները մանրամասն ուսումնասիրել են անչափահասների էջերը եւ պարզել, որ դեռահաս աղջիկները անդամակցել են խմբերի, որոնցում քարոզվում է ինքնասպանությունը, իսկ օգտատերերին առաջարկում են մահացու խաղը խաղալ: Մամուլի ծառայությունից հայտնել են, որ նրանք դեռեւս հանձնարարություններ չէին կատարել, նրանց հետ հիմա հոգեբաններ են աշխատում:

Նշենք, որ խաղը տարածվել է Ռուսաստանում, այնուհետեւ Ղազախստանում: Երեխաներին ամեն օր հանձնարարություններ են ուղարկում, որոնք նրանք պետք է կատարեն առավոտյան ժամը 4.20-ին: Ավելի ուշ հայտնի է դարձել Ղրղզստանում հնարավոր զոհի մասին: Տղան տանիքից ցած էր նետվել առավոտյան ժամը 4-ին: