Փետրվարի 6-ին եւ 7-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված հերթական միջոցառումը կազմակերպվեց:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ շախմատի ֆեդերացիայի եւ Քրեակատարողական ծառայության կողմից ՔԿ հիմնարկում անցկացվեց արագ շախմատի մրցաշար, որը մեծ ոգեւորություն առաջացրեց վերջիններիս շրջանում:

Շախմատային մրցաշարն անցկացվեց միջազային կարգի մրցավար Վրեժ Օրդյանի մրցավարությամբ:

Սպորտային միջոցառմանը մասնակցում էին շուրջ երեք տասնյակ դատապարտյալներ, որոնցից 11 լավագույնները Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ միաժամանակյա խաղի մասնակցելու իրավունք ստացան:

Առավելագույն միավորներ հավաքած եւ մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականները զբաղեցրած դատապարտյալները քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից արժանացան խրախուսանքների:

Մրցաշարի ավարտին  կազմակերպիչները շնորհավորեցին բոլոր մասնակիցներին` հատկապես շեշտելով այսօրինակ միջոցառումների կարեւորությունը ազատազրկված անձանց ժամանցի, արդյունավետ առօրյայի կազմակերման եւ հասարակության մեջ ինտեգրվելու տեսանկյունից:

Վերջում գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը շախմատի խաղատախտակներ նվիրեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկին, իսկ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ հիմնարկի գրադարանը շուտով կհամալրվի նաեւ շախմատային գրականությամբ: