Խոսքի ազատությունը պետք է պաշտպանված լինի Լեռնային Ղարաբաղում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, Բրյուսելում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ նշել է Եվրանեսթում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար, Եվրանեսթի համանախագահ Ռեբեկա Հարմսը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են հարցեր՝ կապված Հայաստանում խոսքի ազատության եւ լրագրողական աշխատանքի հետ: Մանրամասն քննարկվել է նաեւ լրագրողների եւ իրավապաշտպանների գործունեությունը Արցախում: Արման Թաթոյանի կողմից հատկապես կարեւորվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցության հարցը միջազգային հանդիպումներին, ինչպես նաեւ փոխանցվել են Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի զեկույցները ապրիլյան դաժանությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Ռեբեկա Հարմսը հայտարարել է, որ խոսքի ազատությունը ամենուրեք, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում պետք է պաշտպանված լինի: Կարեւորվել է, որ դրանք եվրոպական արժեքներ են եւ ունեն համընդհանուր նշանակություն:

Քննարկվել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ ԵՄ-ի հետ համագործակցության հարցեր: Ձեռք են բերվել հետագա համատեղ գործողությունների վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավուննքրեի պաշտպանի հետ համատեղ: