«Ելք» դաշինքը պահանջում է սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ:

Այս առնչությամբ «Ելք» դաշինքի հայտարարության մեջ, որը Facebook-ի իր էջում տեղադրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ասվում է.

«Փետրվարի 7-ին Բելառուսի իշխանությունների որոշմամբ` հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցվել Լեռնային Ղարաբաղ այցելելու, Ղարաբաղի մասին դրական գնահատականների համար:

Բաքվի օդանավակայանում Լապշինին, ինչպես վտանգավոր հանցագործի, ուղեկցել են դիմակավորված հատուկջոկատայիններ՝ ակնհայտորեն ցուցադրական նպատակներով:

«ԵԼՔ» դաշինքը խստորեն դատապարտում է Բելառուսի իշխանությունների՝ խոսքի ազատության իրավունքը ոտնահարող այս քայլը եւ այն համարում վիրավորանք հայ ժողովրդի հասցեին:

Լապշինի արտահանձնումը վկայում է նաեւ, որ ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում Բելառուսի դաշնակցային կարգավիճակը Հայաստանի նկատմամբ կրում է ձեւական բնույթ եւ չի կարող Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման գործոն լինել:

«ԵԼՔ» դաշինքը ՀՀ իշխանություններից պահանջում է հետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին եւ սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանը հաստատել է դատախազության որոշումը՝ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին։ Նա հենց երեկ արտահանձնվել է Ադրբեջանին:

Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։

Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը: