Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր` փետրվարի 8-ին, աշխատանքից ազատել է Արտաշատի պոլիկլինիկայի փոխտնօրեն Սերինե Հայրապետյանին:
NEWS.am-ի հետ զրույցում Սերինե Հայրապետյանը նշեց, որ մարզպետն իր այդ քայլը հետեւյալ կերպ է մեկնաբանել` «հակաքարոզչությամբ ես զբաղվում»:
«Ես անկուսակցական եմ, քաղաքական ոչ մի հայացք չունեմ ես: Ես իմ աշխատանքով եմ զբաղվում եւ մեկ էլ այսօր հրավեր եմ ստանում մարզպետից: Գնացել եմ, ինքն ինձ ասում է` հակաքարոզչությամբ եք զբաղվում, աշխատանքից ազատված եք, քանի որ պոլիկլինիկայից բողոք- դիմում ենք ստացել, որ դուք հակաքարոզչությամբ եք զբաղվում: Խնդրեցի, որ ինձ տրամադրեն այդ բողոքը, սակայն չտվեց ու ասաց, որ աշխատանքից ազատված եմ»,- պատմեց Սերինե Հայրապետյանը:
Նրա խոսքով, այժմ պոլիկլինիկայի անձնակազմը գնացել է մարզպետարան, որպեսզի անձամբ ստանա այդ բողոք- դիմումը: Սերինե Հայրապետյանը նշեց նաեւ, որ ինքը 30 տարի է` աշխատում է պոլիկլինիկայում եւ այսքան ժամանակ որեւէ խնդիր չի ունեցել:
NEWS.am-ը փորձեց կապ հաստատել նաև մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Խաչատրյանի հետ, սակայն նա այդպես էլ զանգերի չպատասխանեց:




























