«Հայաստանը չպետք է ձեռքերը ծալած նստի: Վրաստան-Հայաստան-Իրան համագործակցության խորացումը եթե ոչ որպես հակակշիռ, ապա կարղ է գոյություն ունենալ զուգահեռ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքին» գրում է «Ազգը», մենկնաբանելով Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի այցը Թբիլիսի, այցագրերի (վիզաների) վերացումը եւ Բաթումիում Իրանի հյուպատոսության բացումը:

Հոդվածի հեղինակի կարծիքով, լինելով երկու առանցքներում, Վրաստանը դրանից ոչ միայն չի տուժի, այլեւ նրա դերը ավելի կարժեւորվի: Իսկ որպեսզի Հայաստանը կարողանա ցամաքային կապող օղակ լինել Իրանի ու Վրաստանի միջեւ, նախ պետք է ապահովի տարանցման նվազագույն պայմանները: «Այս իմաստով, Հայաստանի ու տարածաշրջանի համար չափազանց կարեւոր նշանակություն ունի հյուսիս-հարավ ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը, որը սկսվելու է մոտ առաջիկայում: Վրաց-հայկական սահմանից մինչեւ հայ-իրանական սահմանՙ ամբողջը Հայաստանի տարածքում, կառուցվելու է միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոմայրուղի»,- նշում է թերթը:

Ինչո՞ւ է Թեհրան-Թբիլիսի հարաբերությունների խորացումը կարեւոր Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի համար: Հայաստանը ցամաքային անմիջական սահմաններ ունի ե՛ւ Իրանի, ե՛ւ Վրաստանի հետ: Ավելին, անմիջական չորս հարեւաններից միայն Իրանն ու Վրաստանն են, որոնք, ի տարբերություն Թուրքիայի ու Ադրբեջանի, Հայաստանի հետ վարում են բարիդրացիական հարաբերություններ:

Թերթը հիշեցնում է, որ Ռուսաստանը Արեւմուտքի ընդարձակման քաղաքականությանը փորձում էր հակադրել հյուսիս-հարավ միջանցքը, որը իրար էր միացնում Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանը եւ Իրանը: Սակայն այս ծրագիրը չիրականացավ մի քանի, նաեւ հենց Ռուսաստանի պատճառով: Նախ, Մոսկվան Թբիլիսիի նկատմամբ (եւ հակառակը) վարում է ագրեսիվ, երբեմն` թշնամական քաղաքականություն: 2008 թ. օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները խզվեցին, եւ փաստորեն, ի հավելումն թուրք-հայկական ու հայ-ադրբեջանական փակ սահմաններիՙ բաժանարար գծերի, ավելացավ եւս մեկ փակ սահմանՙ ռուս-վրացականը: Հայաստանին համարելով իր ռազմավարական դաշնակիցը, Ռուսաստանը երբեք էլ չի կարեւորել ոչ Վրաստան-Հայաստան երկկողմ եւ ո՛չ էլ Վրաստան-Հայաստան-Իրան եռակողմ համագործակցության խորացումը: Ավելին, Իրանի հետ կապվելու համար Ռուսաստանը նախընտրում է օգտագործել Ադրբեջանի տարածքը, քան Հայաստանը: Եվ ամենակարեւորը, հենց Ռուսաստանն էր, որ խոչընդոտեց արդեն կառուցված Իրան-Հայաստան գազատարը մինչեւ Վրաստան հասցնելու ծրագրին, համարելով, որ դա կարող է վնասել իր գազային շահերին:

Վրաստան-Հայաստան երկկողմ եւ Վրաստան-Հայաստան-Իրան եռակողմ համագործակցությանը թշնամաբար են վերաբերվում Թուրքիան ու Ադրբեջանը, քանի որ այդ համագործակցությունից Հայաստանը կարողանում է մի քիչ ավելի ազատ շնչել, իսկ Անկարայի եւ Բաքվի նպատակը Հայաստանին ծնկի բերելն է»,- նշում է թերթը: