Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղում խմելու ջրի հարցը լուծվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Այն մասին, որ գյուղում շուրջ 20 օր ջուր չի եղել, Ջրային տնտեսության պետական կոմիտեում որեւէ ահազանգ չի ստացվել: Խնդրի վերաբերյալ Կոմիտեն տեղեկացել է բացառապես մամուլի հրապարակումների միջոցով: Դրանից հետո հաշված ժամեր անց գյուղի ջրի հարցը լուծվել է: Կոմիտեի ջանքերով գյուղն արդեն նոր պոմպ ունի:
Հաշվի առնելով այս դեպքը` Ջրային տնտեսության պետական կոմիտեն եւս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին եւ պատկան մարմիններին Կոմիտեի իրավասության շրջանակներում կամայական հարցի առաջացման դեպքում ահազանգել ՋՏՊԿ` խնդրին հնարավորինս արագ արձագանքելու եւ համապարփակ լուծում տալու համար»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղը հայտնվել է անելանելի վիճակում, որի առնչությամբ գյուղի գնակիչները դիմել են ԱԱԾ։ Խափանվել է գյուղի ջրի պոմպակայանը եւ արդեն 20 օր գյուղը զրկված է ջուր ունենալու հնարավորությունից: Այս առնչությամբ, «Սինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին նշել էր. «Գյուղացիները իրենց միջոցներով գնել են նոր պոմպ, բայց պարզվում է չեն կարող փոխել հին պոմպը, քանի որ այն գտնվում է մի տարածքում, որը ռուսական զինված ուժերի ենթակայության տակ է: Տարածքը հսկող զինվորականները ասել են, որ պետք է անցագիր ունենան, սակայն գյուղացիների համար անհասկանալի է, թե ումից պետք է անցագիր ստանան: Դիմել են ԱԱԾ՝ անցագիր ստանալու համար, սակայն մնացել են անպատասխան»:




























