ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի լրագրողին կարճ եւ հստակ պատասխանեց. Ղարաբաղի խնդիրը Բաքվի ներքին գործը չէ։ Այս մասին փետրվարի 10-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ 1990-ականերին հայ դիվանագետների հաջող ջանքերի շնորհիվ հաջողվել էր սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի 11 երկրների մասնակցությամբ ԵԱՀԿ ՄԽ գիտաժողովում։ Դա արձանագրվել է 1992-ին Հելսինկյան փաստաթղթով։ Այսինքն՝ Բաքվի կարծիքը, թե ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի ներքին գործն է, հերքվել է դեռ քառորդ դար առաջ միջազգային մակարդակով։ «Իսկ 1994-ի դեկտեմբերին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում արձանագրվել էր, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է՝ Ադրբեջանին եւ Հայաստանին իրավահավասար։ Այդ պատճառով Լավրովի պատասխանը պարզ էր եւ փաստերի վրա հիմնված»,– նշեց Զուրաբյանը։




























