Մարդու իրավունքների դատարանում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով որոշումից հետո Շվեյցարիան պարտավոր չէ փոխել իր հակառասիստական օրենսդրությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, «Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունները» թեմայով ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասերը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը ժխտումը քրեականացնող Շվեյցարիայի օրենսդրությանը:
«Շվեյցարիայի օրենսդրության մեջ այն դրույթը՝ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածը, որին վերաբերում էր ՄԻԵԴ-ի որոշումը, կոչվում է հակառասիստական, ուստի այդ հոդվածը փոխելու կարիք չկա: «Փերինչեքի գործը միայն կոնկրետ իրավիճակին է վերաբերում: Այսինքն դատական համակարգը պետք է անդրադառնա միայն կոնկրետ այդ գործն, իսկ օրենսդրությունը չի փոխվելու»,-ընդգծեց դեսպանը:
Հիշեցնենք, որ 2015-ի հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատը հրապարակել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը: Որոշման մեջ նշվում է, որ ՄԻԵԴ-ից չի պահանջվում սահմանում տալ, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի կոտորածներն ու զանգվածային տեղահանությունը կարող է որպես Ցեղասպանություն բնորոշվել, եւ որ ՄԻԵԴ-ն իրավասու չէ այդ հարցին իրավաբանական ուժ ունեցող գնահատական տալ:
Նշենք, որ Ստորին պալատի որոշման մեջ Հայոց ցեղասպանությունը բնորոշվել էր որպես պատմականորեն վիճելի փաստ: Հենց այդ որոշումն էր Հայաստանի Հանրապետությունը վիճարկում որպես երրորդ կողմ:




























