Եկատերինբուրգյան ТATLIN հրատարակությունը հրատարակել է Կարեն Բալյանի «Զվարթնոց օդանավակայանը» մենագրությունը։
Եկատերինբուրգցի երիտասարդ հրատարակիչներ Էդուարդ ու Տատյանա Կուբենսկիները տարեկան ավելի քան 50 գիրք են հրատարակում։ Դրանցից է նաեւ խորհրդային մոդերնիզմի ճարտարապետությանը նվիրված շարքը՝ «Վարպետ», «Քաղաք» ու «Գլուխգործոց» ենթաշարքերով։ «Զվարթնոց օդանավակայանը» Կարեն Բալյանի երրորդ գիրքն է Խորհրդային Հայաստանի 60-80 ականների ճարտարապետության մասին։ «Վարպետ» ենթաշարքով հրատարակված առաջին գիրքը՝ «Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Գրիգորյան», հրատարակիչները 2013-ի ապրիլին բերել են Երեւան ու անձամբ նվիրել Հայաստանի ճարտարապետների միությանը։
Կարենը Էդուարդի ու Տատյանայի հետ ծանոթացել է 2011-ի հոկտեմբերին միջազգային ճարտարապետական փառատոնի օրերին։ Խորհրդային մոդեռնիզմի մասին քննարկման ժամանակ Կարեն Բալյանը Կուբենսկիներին առաջարկել է ծանոթանալ երեք հայ ճարտարապետների մասին իր ձեռագրին։ Նյութը հրատարակիչներին այնքան հետաքրքիր է թվացել, որ նրանք որոշել են միանգամից հրատարակել այդ գիրքը։ Հեղինակի ու ТATLIN հրատարակչատան համագործակցությունը շարունակվել է։ Երկրորդ գիրքը՝ «Եղեռն հուշահամաիր» հրատարակվել է մեկ տարի առաջ «Գլուխգործոց» ենթաշարքով ։ Էդուարդ Կամենսկին գիրքը ներկայացնելիս ասել էր․ «Ես վստահ եմ, որ սա Հայաստանի մասին մեր հրատարակչատան վերջին գիրքը չէ, սա միայն սկիզբն է․․․»։ ԵՎ ահա, նոր գիրք։ Գիրքը մեծ ձեւաչափով է, հրաշալի ձեւավորված, հարուստ նկարազարդված լուսանկարներով ու գծագրերով, պարունակում է հետաքրքիր տեղեկություններ։
«Զվարթնոցի» պատմությունը սկիզբ է առնում 1971-ից, երբ երկու փուլով կազմակերպված մրցույթի արդյունքներով հաստատվել է Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Ժորժ Շեխլյանի ու Լեւոն Չերքեզյանի նախագիծը։ Օդանավակայանը սկսել է գործել 1980-ին։ Իսկ 1985-ին հեղինակները արժանացել են Հայկական ԽՍՀ-ի պետական մրցանակի։ 2001-ին օդանավակայանի շենքը ՀՀ կառավարությունը 30 տարով վարձակալության է հանձնել Aeropuertos Argentina ընկերությանը։ Ընկերությունը պարտավորվում էր շենքը ադապտացնել նոր պայմաններին։ Դրա փոխարեն 2004-ին սկսել է նոր տերմինալ կառուցել, որը սկսել է գործել 2007-ից։ Այդ ժամանակվանից «Զվարթնոց» համալիրը մնացել է անտիրական։
Կարեն Բալյանը մոսկվացի գործող ճարտարապետ, ժամանակակից ճարտարապետության տեսության ու պատմության հարցերով ավելի քան հարյուր հոդվածների ու գրքերի հեղինակ է, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի թղթակից-անդամ։
Ապամոնտաժված «Երիտասարդական պալատը», այլանդակված «Ռոսիա» կինոթատրոնը, դատարկված «Հրազդան» մարզադաշտը, «Զվարթնոց» օդանավակայանը ճարտարապետության եզակի նմուշներ են, որոնք միջազգային ճարտարապետական համայնքի կողմից դասվել են խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոցների շարքին։ Մենք պետք է դրանով հպարտանանք, բայց անմտորեն կորցնում ենք դրանք։ Դրա համար էլ Կարեն Բալյանի գրքի հրատարակումն այսօր, երբ օդանավակայանի ունիկալ համալիրը ոչնչացման շեմին է, արդիական է՝ ինչպես երբեք։





























