Մալայզիայի օդանավակայանում վախճանված Կիմ Չեն Նամը 2012-ին իր եղբորից՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից ներում է հայցել։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հարավկորեական հետախուզությունը։

Նշվում է, որ հենց 2012-ին է Կիմ Չեն Ընի նկատմամբ մահափորձ տեղի ունեցել, որը, սակայն, անհաջողությամբ է ավարտվել։ Այդ ժամանակ Կիմ Չեն Նամը Կիմ Չեն Ընին նամակ է հղել՝ ներում հայցելով իր եւ իր ընտանիքի համար։

«Ես ցանկանում եմ, որ դու չեղարկես իմ եւ իմ ընտանիքի պատիժը։ Մենք գնալու տեղ չունենք, մենք գիտենք, որ փախչելու միակ հնարավորությունը ինքնասպանություն գործելն է», - ասվում է նամակում։

Հյուսիսային Կորեայի առաջնորդի ավագ եղբայրը վաղուց լքել էր երկիրն ու բնակվում էր Մակաոյում՝ զբաղվելով բիզնեսով։ Կիմ Չեն Նամի նկատմամբ մահափորձը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Մալազիայի օդանավակայանում՝ Մակաո թռիչքից առաջ։

Հետաքննությունը  ենթադրում է, որ հանցագործները երկու կանայք են, որոնք հանցանքի վայրից անհետացել են տաքսիով: Հարավկորեական հետախուզությունը կարծում է, որ ենթադրյալ հանցագործները դեռեւս չեն լքել Մալայզիայի տարածքը։ Իսկ Ճապոնիայի իշխանություններն, իրենց հերթին, հայտնել են, որ ըստ իրենց ստացած տեղեկության՝ կասկածյալները կարող են մեռած լինել։