«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը համաձայն չէ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի այն գնահատականին, որ Հայաստանում դեռեւս 2015-ի փետրվարին ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդը չի եղել արդյունավետ: Ռիչարդ Միլզը այդ մասին հայտարարեց մոտ երկու շաբաթ առաջ՝ փետրվարի 1-ին, ելույթ ունենալով հայ-ամերիկյան Առեւտրի պալատի ներկայացուցիչների առաջ: Միլզը հայտարարեց, քանի որ գոհ չեն խորհրդի արդյունքից, ֆինանսավորումը իրականացրել են ընդամենը 2․5 տոկոսով:
Կոռուպցիայի դեմ պայքարի այդ խորհուրդը ստեղծվեց 2015 թվականի փետրվարին, երբ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր, որն էլ գլխավորեց խորհուրդը: Հիմա հասկանալի է, թե ինչու է Արփինե Հովհաննիսյանը փորձում չհամաձայնել ԱՄՆ դեսպանի գնահատականին: Բանն այն է, որ ԱՄՆ դեսպանի գնահատականն իրականում գնահատական էր հենց Հովիկ Աբրահամյանի վարչապետությանը եւ այդ վարչապետությունն է ըստ էության գնահատվել արդյունավետ: Համաձայնել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին տված այդ գնահատականին, կնշանակի անբավարար գնահատել Հովիկ Աբրահամյանին: Իսկ Արփինե Հովհաննիսյանը դա չի կարող անել, որովհետեւ նա ոչ միայն եղել է այդ նույն Հովիկ Աբրահամյանի կառավարության անդամը, այլ ըստ էության հենց Հովիկ Աբրահամյանի շնորհիվ է հայտնվել թե՛ կառավարությունում, թե՛ քաղաքականությունում:
Ի՞նչ է արել խորհուրդը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, գրեթե երկու տարիների ընթացքում: Նախաձեռնել է մի քանի օրենսդրական նախագծեր: Դրա համար արժե՞ր ստեղծել խորհուրդ:
Փաստորեն, Հովիկ Աբրահամյանն ընդամենը օրենքներ մշակելու համար փորձել է ԱՄՆ կառավարությունից 750 հազար դոլար ֆինանսավորում ստանալ՝ ընդամենը մի քանի նիստ անելու եւ մի քանի օրենսդրական նախաձեռնություն իրականացնելու համար:
ԱՄՆ դեսպանը փետրվարի 1-ին ընդամենը հայտարարել է, որ Նահանգները, պարզապես, մեղմ ասած՝ չեն համաձայնել ենթարկվել այդ հնարամտությանը եւ դառնալ Հայաստանի կառավարության համար «կթու կով» կամ պարզապես ֆինանսավորել կոռուպցիայի պահպանման ծախսերը՝ նկատի ունենալով այն, որ մոտ երկու տարի գործած խորհրդի այսպես ասած օրենսդրական արդյունքը ընդամենը այն է, որ ներկայիս կոռուպցիան ապագայում պաշտպանվում է այսպես ասած ավելորդ մրցակիցներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



























