Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսման հավանականություն կա։ Այս մասին փետրվարի 16-ին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Սակայն՝ ինչպես տեսաբանները, ես չեմ կարծում, թե ապրիլը իրավիճակի սրացման ամիս է։ Դա ոչ թե եղանակային, այլ քաղաքական երեւույթ է։ Այն, որ Ադրբեջանը չի թաքցնում ագրեսիվ մտադրությունները, գաղտնիք չէ։ Ստատուս քվոն մեծամասամբ բավարարում է Հայաստանին, ավելի քիչ՝ Ադրբեջանին», - նշել է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ Մոսկվան չէր ցանկանա Սերբիայի իրադարաձությունների կրկնությունը, երբ մի կողմը ոչնչացնում է մյուս կողմի ենթակառույցները։ Քաղաքագետը նշել է, որ այդ դեպքում Մոսկվան առավել կոշտ կարձագանքի՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական սահմանի դրությունը, իր կարծիքով, ուշադրությունից դուրս է մնում։ «Մոսկվան քաոսային, անկառավարելի գործընթաց չէր ցանկանա, երբ միջադեպերը վերածվում են պատերազմի»,- նշել է Մարկեդոնովը։ 

Ինչ վերաբերում է կողմերի՝ փոխզիջումների գնալուն՝ քաղաքագետը նշել է, որ այս կապակցությամբ սեղանին երկու հարց է դրված՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքները։ Նա ընդգծել է, որ բացարձակ հաղթանակ հնարավոր չէ։ Մեկ այլ խնդիր է՝ ինչպես իրացնել պայմանավորվածությունները, եթե այդպիսիք ձեռք բերվեն։ «Օրինակ՝ շրջանները տվեցին։ Իսկ վաղն այդտեղ զորքերն են մտցնում, եւ նոր շրջապտույտ է սկսվում»,-նշել է քաղաքագետը։