«Հայկական վերածնունդ» կուսակցությունը եւ նախկին «Օրինաց երկիրը» ոչ մի կապ չեն ունեցել 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին: Այս մասին փետրվարի 16-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական վերածնունդ» (վերակազմավորված «Օրինաց երկիր») կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ այդ իրադարձություններին նշված կուսակցությունների որեւէ առնչության մասին խոսակցությունները պարզապես անազնիվ են: «Մենք ընտրություններից հետո քաղաքական կոալիցիա ենք կազմավորել: Դուք ի՞նչ է՝ ուզում էիք, որ Հայաստանը ներկայիս Ուկրաինա՞ն դառնար, հեղափոխական Ուկրաինան, որը կորցրել է իր տարածքի էական մասը: Մենք քաղաքական կոալիցիայի մասին հուշագիր ենք կնքել, որ Երեւանը «արյան ծով» չդառնար: Ո՞վ պետք է դրա համար պատասխան տար»,- ասաց Բաղդասարյանը:



























