ՆԱՏՕ-ն իր գործողություններով Ռուսաստանին սադրում է եւ փորձում առճակատման մեջ ներքաշել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա հիշեցրել է, որ «Ռուսաստանին զսպելը հռչակվել է ՆԱՏՕ-ի նոր առաքելություն»:
«Այդ նպատակով իրականացվում է դաշինքի հետագա ընդլայնում, չնայած, ըստ էության, նախկինում էլ էր իրականացվում, բայց հիմա գտել են, ինչպես իրենց է թվում, ավելի լուրջ հիմնավորում՝ արագացել են ռազմավարական եւ սովորական սպառազինության տեղակայման գործընթացները նրա (դաշինքի) մեջ մտնող առաջատար երկրների ազգային սահմանների մոտ: Բանն էլ հենց այն է, որ մեզ մշտապես սադրում են եւ ձգտում առճակատման մեջ ներքաշել»,- հայտարարել է Պուտինը:
Նրա խոսքով՝ «չեն դադարում մեր ներքին գործերին միջամտելու փորձերը՝ Ռուսաստանում հասարակական-քաղաքական իրավիճակը ապակայունացնելու նպատակով»:



























