Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փետրվարի 20-24-ը հայտարարում է կրթության որակի շաբաթ:

Արդեն 3-րդ անգամ կազմակերպվող որակի շաբաթվա նպատակն է թե կրթության ոլորտի ներկայացուցիչների, թե ղեկավար օղակների եւ թե հասարակության ուշադրությունը հրավիրել կրթության որակի ապահովման վրա՝ քննարկելու առկա խնդիրները, կիսվելու լավագույն փորձով եւ ձեւավորելու ապագայի ընդհանուր տեսլական:

Առաջիկա որակի շաբաթվա ընթացքում տեղի կունենան աշխատաժողովներ նվիրված ուսանողների, երիտասարդ դասախոսների, մասնագիտության կրթական ծրագրերի եւ որակավորումների ազգային շրջանակի համապատասխանության խնդիրներին, իսկ շաբաթը կամփոփվի  երկօրյա համաժողովով, որի թեման կլինի գնահատման համակարգերի բարելավումը:

Որակի շաբաթը կմեկնարկի փետրվարի 20-ին՝ ուսանողներին նվիրված աշխատաժողովով:

Միջոցառմանը կմասնակցեն ուսանողներ, դասախոսներ, որակի ապահովման պատասխանատուներ, կրթության կառավարիչներ եւ ոլորտի այլ ներկայացուցիչներ: Աշխատաժողովը կդառնա քննարկման հարթակ՝ բարձրաձայնված խնդիրների էությունը հասկանալու եւ լուծման ընդունելի  եւ արդյունավետ ուղիներ որոնելու համար:

Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն  հետեւյալ թեմաները՝ բուհական ռեսուրսների հասանելիությունը բոլոր ուսանողներին՝ անկախ ուսումնական հաստատությունից; աշխատաշուկայի պահանջները եւ բուհական կրթության համապատասխանությունը դրանց; մագիստրոսական կրթության բացերը. մագիստրոսը որպես հետազոտող մասնագետ եւ աշխատուժ; բուհական կրթություն. ինչի՞ համար է վճարում ուսանողը:

ՈԱԱԿ-ը, կարեւորելով  դասախոսների դերը որակի ապահովումը լսարան հասցնելու գործում, փետրվարի 21-ի աշխատաժողովը կնվիրի երիտասարդ դասախոսների խնդիրների քննարկմանը:

Որակի շաբաթվա երրորդ օրը նվիրված կլինի մասնագիտության կրթական ծրագրերի եւ որակավորումների ազգային  շրջանակի (ՈԱՇ) համապատասխանությանը:

ՈԱԱԿ-ը ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN ծրագրի հետ համագործակցությամբ փետրվարի 22-ին կկազմակերպի աշխատաժողով, որտեղ կներկայացվեն ALIGN ծրագրի ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները:

Աշխատաժողովի ընթացքում ուսանողների, դասախոսների եւ կրթության կառավարիչների տեսանկյունից կքննարկվի կրթական ծրագրերի բարեփոխման անհրաժեշտությունը: Կշեշտադրվի հատկապես գնահատման բարելավումն որպես դասավանդման արդյունավետության գործիք: Միջոցառման մասնակիցներին կներկայացվեն նաեւ Հայաստանում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում ծրագրի շահակից բուհերում իրականացված մասնագիտության կրթական ծրագրերի արտաքին գնահատման արդյունքները, ՈԱՇ-ի եւ վերջնարդյունքների համապատասխանեցման լավագույն փորձը,  գործընթացից քաղված դասերը:

Աշխատաժողովի ավարտին տեղացի ու միջազգային փորձագետները, ուսանողները եւ ՈԱԱԿ ներկայացուցիչները առաջարկ կներկայացնեն կառավարությանը ազգային մակարդակում մասնագիտության կրթական ծրագրերում անհրաժեշտ փոփոխությունների մասին:

Որակի շաբաթը կամփոփվի «Որակը լսարանում՝ գնահատման համակարգերի բարելավում» թեմայով  երկօրյա համաժողովով, որը  տեղի կունենա փետրվարի 23-24-ին:

Ընթացիկ տարում մեկնարկելու է կլաստերային աուդիտը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Գործընթացը միտված է լինելու  մասնագիտության կրթական ծրագրերի բարեփոխումներին,  գնահատման համակարգի բարելավմանը եւ ոլորտի  ընդհանուր պատկերի հստակեցմանը:  Աշխատաժողովներով անդրադարձ կկատարվի նաեւ  «Կրթական ծրագրերի վերանայում՝ գնահատման համակարգի բարելավման համատեքստում», «Դասավանդման բարելավում՝ գնահատման համակարգերի վերանայման միջոցով», «Ուսանողի առաջընթացի պլանավորում. գնահատման դերը» թեմաներին:

Տեղի կունենա շահակիցների քննարկում  «Ինչպիսի գնահատում է ակնկալում ուսանողն ուսումնական հաստատությունից» թեմայով:

Համաժողովի ընթացքում ոլորտի հեղինակավոր մասնագետները Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Բելգիայից, Շվեյցարիայից եւ  Ռուսաստանից կներկայացնեն կրթության որակի ապահովման իրենց երկրի լավագույն փորձը:

Կներկայացվեն նաեւ Որակի ապահովման մասնագետների եւ աջակիցների ցանցի հիմնման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կազդարարվի ցանցի  գործունեության մեկնարկը:

Համաժողովի ընթացքում կլինեն նաեւ ստենդային ներկայացումներ նվիրված  կրթության ոլորտում նորարարությանը, դասավանդման եւ գնահատման նոր մեթոդների ներդրմանը: