Անհրաժեշտ է, որ սերնդափոխություն լինի, բայց դա չի նշանակում, որ պիտի գերանդիով հունձք կատարես։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀԿ–ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։
Նշենք, որ Մինասյանը ՀՀԿ համապետական ցուցակի 42–րդ հորիզոնականում է։ Սա ՀՀԿ–ում մեկնաբանում են սերնդափոխության անհրաժեշտությամբ, մինչդեռ իր սերնդակից պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հայտնվել է անցողիկ տեղում՝ 2–րդ տասնյակում։
«Ես հիվանդագին ամբիցիաներ չունեմ, համարում եմ, որ իմ աշխատանքը գնահատվել է, համենայնդեպս ես էս տարիքին հայտնվել եմ ցուցակում, դա ինձ բավարարում է, կլինեմ առաջին փուլում, թե ինչ–որ ժամանակ հետո, կյանքը ցույց կտա։ Մեր առանցքային դեմքերը պիտի դառնան մեր երիտասարդները, նրանց բոլորս գիտենք եւ նրանց կատարած աշխատանքը, կգան, ամենայն հավանականությամբ, որոշակի դպրոց կանցեն եւ կբացահայտեն իրենց ունակությունները եւ հնարավորությունները»։
Մինասյանը համարում է, որ իրենց ցուցակում սերնդափոխություն է եղել եւ առաջին տասնյակում հիմնականում երիտասարդներն են. «Ես բազմիցս ասել եմ, անհրաժեշտ է, որ սերնդափոխություն լինի, բայց դա չի նշանակում, որ պիտի գերանդիով հունձք կատարես։ Նախկին սերնդի փորձառու, ճանապարհ անցած մարդիկ պետք է իրենց խորհուրդը տան երիտասարդներին եւ հանուն ընդնհանուր գործի միասին աշխատեն»։
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առաջատար դիրքերում լինելուն, ասաց. «Մանվել Գրիգորյանը էս երկրում իր կյանքով, Արցախյան պատերազմի ազատագրման գործում քի՞չ դերակատարություն է ունեցել։ Գրիգորյանը գնահատվել է իր ծառայությունների համար, երկրին մատուցած ծառայությունների համար։ Նա իր դերն ունի եւ եթե պետք է իր ծանրակշիռ խոսքն ասում է»։



























