Թե ինչպես է «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի» նախագահ Գրիգոր Ամալյանը հասկանում մրցույթի բոլոր մասնակիցների համար հավասար պայմաներ ստեղծելու միտքը, իր խնդիրն է։ Բայց նա դրա վրա պետք է աշխատեր, մինչդեռ ընդհանրապես չի էլ մոտեցել այդ խնդրին։ Նոյեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը։
Նրա խոսքով, ինքը հավասար պայմաններով մրցույթի մասնակցելուն սպասել է 2 տարի։ «Բայց նորից տեսա, որ սա շարքային մրցույթ է եւ ոչ մի պայման ստեղծված չէ՝ «Ա1+»-ին հավասարեցնել եթերում աշխատող մյուս հեռուստաընկերությունների դասին»,- համոզմունք հայտնեց նա:
Անդրադառնալով Հայաստանում խոսքի ազատության ներկա վիճակին՝ Մովսեսյանը, վկայակոչելով ՀՌԱՀ 12 տարվա անգործությունը, նկատեց, որ «նրանց ընդհանարապես չի հուզում Հայաստանում խոսքի ազատության խնդիրը եւ այդ ուղղությամբ չեն էլ ուզում մտածել։ «Կարմիր կովն իր կաշին չի փոխում։ Հույսը դնում են նրա վրա, որ անպատժելիության մթնոլորտ է, հրահանգը կա, իսկ պատասխանողը հանձնաժողովը չէ։ Իսկ թե ո՞վ է, մեզ համար պարզ չէ։ Ինչի՞ համար է դա արվում, բոլորս էլ գիտենք։ 2012-2013 թվականներին, ընտրությունների հետ կապված, շատ լուրջ իրավիճակ է լինելու։ Իշխանության թուլությունը նրա մեջ է, որ այդ ընտրությունները կարող է անցկացնել միայն կոպիտ եւ կոշտ հրահանգներով։ Առաջընթաց կարելի է համարել հետեւյալը. եթե առաջ հեռուստառադիո դաշտում հարցերը լուծվում էին կոպիտ միջամտություններով, ապա այսօր մի փոքր ավելի խելամիտ են մոտենում այդ հարցին. Փակելու տեղը դաշտը տանում են դեպի մոնոպոլիզացիա, լրագրողին ծեծելու տեղը զրկում են փող վաստակելու հնարավորություններից։ Այնպես, որ միջոցներն այսօր մի քիչ ավելի «ցիվիլ» են դարձել»,- նշեց Մովսեսյանը։
Անդրադառնալով ՀՌԱՀ կողմից հայտարարված եւ դեկտեմբերի 16-ին կայանալիք կապուղիների մրցույթին եւ հատկապես «Արմնյուսզի» հետ իրենց մրցակցությանը՝ «Ա1+»-ի տնօրենն ասաց, որ վերջինիս հանդեպ իրենց ամենամեծ առավելությունը 24-ժամյա սեփական արտադրության նորությունների թարմացված բլոկով աշխատանքն է լինելու։ «Դա մեր գլխավոր եւ հիմնական առավելությունն է, որն «Արմնյուզի» մոտ ես չտեսա։
Այնտեղ վերահեռարձակումներ են, հաղորդումների նկարագրություններ սակայն ինֆորմացիոն աշխատանք չկա»,- ընդգծեց նա՝ ավելացնելով։ ««Ա1+»-ը երբեք էլ չի փակվել։ Մենք շարունակում ենք աշխատել ինտերնետում, «Համասփյուռ» ցանցով, մեր արտասահմանյան գորընկերների հետ։ Եղել է լիցենզիայից անարդարացի զրկում։ Մրցույթը լավ պատրվակ է մեր իշխանությունների համար՝ մաքրվել անցյալի կեղտից։ Ինչ վերաբերում է մեր աշխատելաոճին, ապա այն որդեգրել ենք դեռ 1991-ից։ Մինչ այսօր աշխատում ենք նույն անաչառ մոտեցմամբ։ «Ա1+»-ը միշտ պահելու է իր այդ դեմքը»,- հավատացրեց Մովսեսյանը:
Ամփոփելով՝ նա կարծիք հայտնեց, որ ժամանակին «Ա1+»-ին եթեր չտրամադրելու պատճառները երկուսն էին՝ քաղաքական եւ անձնական։ «Դա Ռոբերտ Քոչարյանի օրոք էր։ Հիմա չեմ կարող ասել, որ Սերժ Սարգսյանի օրոք «Ա1+»-ի հանդեպ անձնական վերաբերմունք կա։ Բայց ես մեծ հույսեր ունեմ, որ խոհեմ կլինեն եւ այդ քայլին չեն դիմի, որովհետեւ սա նորից մեծ պատմություն է լինելու Հայաստանի համար»,- ասաց նա՝ միաժամանակ չպարզաբանելով, թե ինչ են անելու իրենք, եթե մրցույթն, այնուամենայնիվ, չհաղթահարեն։ «Դա անակնկալ է։ Բայց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սպասում է գործընթացի ավարտին։ Երկրորդ՝ սկսվում է նոր պայքարի ձեւ՝ ժողովուրդ եւ ժոողվրդական ալիք, որն էլ կասի իր խոսքը»,- ամփոփեց «Ա1+»-ի տնօրենը։




























