Նոյեմբերի 5-ին՝ «Հայկական բանկերն ընդլայնում են օնլայ-բանկինգը» հրապարակումից հետո NEWS.am-ը տեղեկատվություն է ստացել եւս 2 բանկերի կողմից՝ «Հայէկենոմբանկից» եւ «Կոնվերսբանկից»։

«Հայէկոնոմբանկը» օնլայն-բանկինգի ծառայություններ սկսել է առաջարկել 2007 թվականից: Օնլայն-բանկինգի միջոցով բանկն առաջարկում է հետեւյալ ծառայությունները՝ քարտային եւ կոմունալ գործարքներ, հաշվի մնացորդ, քաղվածքներ, վճարում, կանխավճարային քարտեր, կոմունալ վճարումներ, ապառիկի մարում, փոխանցումներ ( BankMail փոխանցում, Swift փոխանցումներ,  քարտից քարտ փոխանցում), քարտային գործարքներ, քարտի տվյալների փոփոխություն, քարտի պատվիրում, դիմումներ:

2009թ.  հունվարի 1-ից մինչեւ  սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում կատարվել  է  1996  գործարք, օնլայն-բանկինգից  օգտվել են 138 հոգի: 2010 թվականի նույն ժամանակահատվածում կատարվել  է  2187 գործարք՝ օգտվողները եղել են 120 հոգի:

«Կոնվերս բանկը» 2010 թվականի ապրիլից առաջարկում է e-Converse ինտերնետ-բանկային ծառայությունը։ e-Converse ինտերնետ-բանկային ծառայության միջոցով հաճախորդը կարող է կատարել փոխանցումներ հաշիվներով (վճարման հանձնարարականների ուղարկում), արտարժույթի փոխանակում անկանխիկ եղանակով, կոմունալ եւ այլ վճարներ, միջոցների համալրում ArCa, VISA, MasterCard քարտային հաշիվներին, ավանդների ձեւակերպում ավանդային պայմանագրերի կնքման միջոցով, վարկերի մարման հանձնարարականների ներկայացում, հաշիվների մնացորդի եւ առանձին գործարքների վերաբերյալ քաղվածքների եւ տեղեկատվության ստացում, քարտային, վարկային եւ այլ հայտերի ներկայացում,
բանկին այլ հաղորդագրությունների ուղարկում:

e-Converse ինտերնետ-բանկային ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է ունենալ բանկային հաշիվ «Կոնվերս բանկում», հուսալի ինտերնետային կապով հագեցված համակարգիչ եւ էլեկտրոնային փոստի հասցե: