Նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանում կկայանա հերթական դատական նիստը, որտեղ կլսվի Լոռու մարզի դատախազության բողոքն ընդդեմ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 23-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Լոռու մարզի դատախազության դեմ ներկայացված Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը:
Խոսքը վերաբերում է քննիչի կողմից քաղաքացու բնակարանն առանց դատարանի որոշման խուզարկելու փաստին, որի առնչությամբ դատարանը որոշում է կայացրել Լոռու մարզի դատախազությանը պարտավորեցնել որոշում կայացնել այդ փաստի առնչությամբ ներկայացված հաղորդման կապակցությամբ եւ որոշման օրինակը տրամադրել հաղորդում ներկայացրած կազմակերպությանը (ՀՔԱ Վանաձորի գրասենյակին):
Սույն գործով ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացնելու երրորդ անգամ, մինչ այդ երեք որոշում էլ կայացվել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:





























