Նոր ընտրական օրենսգիրքը հստակ կանխորոշում է, թե ով է հաղթելու ընտրություններում: Այս մասին այսօր` փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ փողի, ֆինանսական և ադմինիստրատիվ ռեսուրսների գործոնն այս ընտրություններում անչափ մեծ է լինելու:

Նա ասաց, որ հաստատ գիտի, որ ՀՀԿ-ն 60 տոկոս ձայն է հավաքելու, ԲՀԿ-ն 15 տոկոս, եթե, իհարկե, շրջադարձային փոփոխություններ չգրանցվեն:

«ՀՀԿ-ն 60 տոկոս, ԲՀԿ-ն 15, «Հայկական վերածնունդը» եւ ՀՅԴ-ն՝ 5-ական: Այս բոլորը միասին կհավաքեն ձայների 85 տոկոսը: Մնացած 15 տոկոսից մոտ 7 տոկոս ձայնի շանս ունի ընդդիմադիր չորս ուժերից և դաշինքերից միայն մեկը: Մնացած չորս կուսակցություններից նրանք կհայտնվեն պառլամենտում, որոնք ոչ թե մեզ խելացի ծրագրերով կհամոզեն, այլ լուրջ քաղաքական պայքարով: Եթե Սեյրան Օհանյանը եւ Օսկանյանը պլակատները ձեռքին կանգնեն կառավարության առջեւ ու բողոքի ակցիա անցկացնեն, ապա ես նրանց կհավատամ: Ինձ համար չափորոշիչը քաղաքական պայքարն է, ոչ թե խելոք ծրագրերը»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով` նոր ընտրակարգը ժողովրդին խճճելու միտում է պարունակում է եւ կարող է լուրջ խնդիր դառնալ ընտրողի համար. «Բարդ համակարգ է: Ես 25 տարի զբաղվում եմ ընտրական օրենսգրքով, սակայն մինչեւ հիմա ամբողջովին չեմ հասկացել նոր ընտրության կարգը: Մարդկանց շփոթեցնելու մեծ միտում եմ տեսնում: Բացի դրանից մեկ շաբաթ է անհրաժեշտ արդյունքները հաշվելու համար ու դա առանց դիտորդների»:

Քաղաքագետը ստեղծված դաշինքների որակից գոհ է, նրա խոսքով` ցուցակների առաջին հորիզոնականներում հիմնականում խելացի մարդիկ են եւ հաղթանակի արժանի: Սակայն, եթե նրանք փորձեն համակերպվել կամ հարմարվել իշխանության առաջարկած պայմաններին, ապա ապագա չեն ունենա: