Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեր դաշինքում հատուկ չեն առաջադրել առաջին հորիզոնականում: Այս մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ ընտրացուցակի առաջին տեղերը վերջնականապես որոշված չէին: Առաջին տեղին կարող էր հավակնել նաեւ «Ժառանգությունից» հեռացած Զարուհի Փոստանջյանը: Սակայն նա մերժել է դաշինքի հետ ցանկացած ձեւաչափով համագործակցությունը: «Չի եղել առաջին տեղի համար պոտենցիալ մեկը, որի թեկնածությունը չքննարկվեր: Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, ապա նա մի մարդ է, ում ընդունում եւ հարգում են իշխանության շարքերում բոլորը եւ գրեթե բոլոր ընդդիմադիրները: Իշխանության մեջ եղած մյուսներից նա տարբերվում է նրանով, որ միշտ ոչ թե քաղաքական գործիչ է եղել, այլ զինվորական: Նա այդպիսին է եղել ե՛ւ Տեր-Պետրոսյանի օրոք, ե՛ւ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի»,- նշեց Մարտիրոսյանը:
Քաղաքական գործիչը հավելեց, որ չի պատրաստվում որեւէ մեկին սրբացնել, առաջին հերթին՝ իրեն: «Նույնիսկ այն, որ Օհանյանն իշխանության մեջ է եղել՝ արդեն իսկ սխալ է: Բայց բոլորն էլ սխալներ ունեցել են, նաեւ ես: Սակայն անհրաժեշտ է դրականը բացասականի հետ համեմատել, իսկ Սեյրան Օհանյանի թիկունքում դրականն ավելի շատ է»,- եզրափակեց Մարտիրոսյանը:



























