Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանական բաժանմունքում մահացած Հայաստանի քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանի իրավահաջորդի շահերի պաշտպանը դժգոհ է հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքից: NEWS.am-ի հետ զրույցում պաշտպան Մարկ Սաֆարյանը նշեց, որ նախաքննության ընթացքում գործով վկաները դեռ չեն հարցաքննվել եւ հիմք կա կասկածելու, որ գործը փակուղի է մտնում:

«Գոհ չեմ նախաքննությունից, քանի որ քրեական գործով վկաները դեռ չեն հարցաքննվել: Նման դեպքերում պետք է վկաները միանգամից հարցաքննվեին: Եվրոպական դատարանը բազմիցս Շվեդիային քննադատել է նմանատիպ գործերի նախաքննությունը դանդաղ իրականացնելու համար»,-ասաց նա:

Մարկ Սաֆարյանը նշեց, որ այս պահին քննարկվում է Շվեդիայի Ներքին գործերի նախարարության դեմ քաղաքացիական հայց հարուցելու հարցը:

Փաստաբանի խոսքով՝ 32-ամյա Դավիթի գլխուղեղում դատաբժիշկները արյան զեղում են հայտնաբերել, սակայն դեռ  չի հաստատվել, որ դա է եղել մահվան պատճառ։ «Չնայած դրան՝ շվեդ դատաբժիշկները եզրակացրել են, որ մարմինը ենթակա է հուղարկավորման, սակայն, դա կխոչընդոտի մահվան իրական պատճառը բացահայտելուն»,-ասաց նա:

Մարկ Սաֆարյանը նշեց, որ Շվեդիայի ոստիկանությունը անառողջ մարդուն օգնություն ցուցաբերելու փոխարեն խուց են տեղափոխել նրան եւ վերահսկողություն սահմանել նրա նկատմամբ:

«Իրականում անթույլատրելի մի բան է տեղի ունեցել. ծանր հիվանդ մարդուն խուց են տարել եւ հսկողություն սահմանել 5 րոպեն մեկ: Ըստ կանոնակարգի հսկողությունը պետք է լինի 15 րոպեն մեկ, այս եւ մի շարք կարեւոր փաստերը հիմք ընդունելով՝ համոզված ենք, որ Դավիթի կյանքը փրկել հնարավոր կլիներ, եթե ոստիկանությունը նրա հանդեպ ադեկված վերաբերմունք ցույց տար եւ չթերաներ օրենքով հաստատված պարտավորություններում»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի ընկեր Խորեն Սինանյանը նշել էր, որ Դավիթը մահացել է շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով: Ըստ Սինանյանի՝ ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանը որպես զբոսաշրջիկ մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երբ Դավիթի ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը  եւ թույլ չեն տվել Դավիթին հասցնել հիվանդանոց:

Ընկերների այն կոչերին, թե իրենց ընկերը լավ չի զգում, ոստիկանները ոչ մի կերպ չեն արձագանքել, նրանց իջեցրել են մեքենայից ու տարել բաժին: Ոստիկանական բաժնում նույնպես նրան օգնություն չի տրամադրվել, նրան բանտախուց են տեղափոխել, որտեղ էլ Դավիթը մահացել է:

Շվեդ ոստիկանների փոխանցմամբ, Դավիթի ինքնազգացողությունը վատացել է ոչ թե մեքենայում, այլ գիշերը, բանտախցում. մինչեւ առավոտյան բժիշկները եկել են, արդեն ուշ է եղել։

Դավիթ Բարսեղյանը ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս տղա՝ 3 եւ 4 տարեկան: